News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներով օգոստոսը անակնկալ մատուցեց՝ Ռուսաստանից դրամական փոխանցումները տարեկան կտրվածքով աճել են գրեթե 8․0 մլն դոլարով կամ էլ 8․6 տոկոսով։ Նկատենք, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու ամրապնդման (օգոստոսին՝ 0․3 տոկոսով) ազդեցությունը փոխանցումների գումարի դինամիկայի վրա գրեթե զրոյական էր։

Օգոստոսին, ինչպես եւ նախորդ ամիսներին, ըստ էության, չեն եղել դրական տեղաշարժներ այն ոլորտներում, որոնցում ներգրավված է մեր աշխատանքային միգրանտների հիմնական կոնտինգենտը։ Եվ այսպես,տարեկան կտրվածքով շինարարության ծավալը կրճատվել է՝ թե համեմատական, թե ընթացիկ գներով։

Մանրածախ առեւտրի ոլորտում շինարարությունից որոշ տարբերություն կար։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանում անցած տարվանից ծայրաստիճան բացասական միտում է նկատվում՝ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը կրճատվում է, թե՛ համեմատական, թե՛ ընթացիկ գներում։ Ռուսաստանում իրավիճակը նման է հայաստանյանին միայն մեկ բանով։ Օգոստոսին մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալը կրճատվել է (5․1 տոկոսով), իսկ ահա համեմատական գներով՝ աննշան աճել է (2․5 տոկոսով)։ Այլ կերպ ասած՝ ապրանքներ ավելի քիչ են վաճառվել, իսկ առեւտրականների ստացած եկամուտը մի քիչ շատ է եղել։

Ռուսաստանից դրամական փոխանցումների օգոստոսյան աճի վերաբերյալ պետք է մեկ հանգամանք հաշվի առնել։ Համեմատությունների համար բազան ինքնին (անցած տարվա օգոստոսը) նշանավորվել էր լուրջ անկումով՝ տարեկան կտրվածքով 1․8 անգամ։ Այնպես որ հաշվետու օգոստոսին նշված տեղաշարժը ընդհանուր իրավիճակը չի շտկել։ Առավել եւս, որ զգալիորեն նվազել են փոխանցումները Ղազախստանից՝ տարեկան կտրվածքով 18․2 մլն դոլարով, կամ 11․2 անգամ։

Այստեղ, ի տարբերություն Ռուսաստանի, բազայի գործոնը հակառակ դերակատարումն է ունեցել։ Բանն այն է, որ անցած տարվա օգոստոսին Ղազախստանից տրանսֆերտների հոսքի թռիչքաձեւ աճ էր գրանցվել՝ տարեկան կտրվածքով ավելի քան 7 անգամ։ Ընդհանուր առմամբ Հայաստանում ֆիզիկական անձանց գումարային փոխանցումների ընդհանուր գումարը հաշվետու օգոստոսին կրճատվել է 13․5 մլն դոլարով կամ 8․4 տոկոսով։

Իսկ հունվար– օգոստոս ամիսներին ընդհանուր արդյունքը հետեւյալն էր՝ գումարային փոխանցումների գումարը կրճատվել էր 107․7 մլն դոլարով, կամ էլ 10․5 տոկոսով։ Այսինքն անկումը գերազանցել է բազային ցուցանիշի մեկ տասնորդականը։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ