Եթե պետական ծառայությունները պահանջված չեն, արդյունավետ չեն, թանկարժեք են, ապա դրանք պետք է վերանան կամ փոխակերպվեն։ Այս մասին հոկտեմբերի 20-ին խորհրդարանում ասել է Կարեն Կարապետյանը։
«Հնարավորինս անցնելու ենք «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին ծառայություններ մատուցելու համակարգերին՝ նվազեցնելով այն ժամանակն ու ջանքերը, որոնք նրանք ծախսում են պետական ապարատի հետ շփվելիս: Պետական կառավարման մարմինները պետք է շարունակաբար մոնիթորինգի ենթարկվեն՝ թե՛ ավելորդ ընթացակարգերն ու օղակները, թե՛ կրկնվող կամ անարդյունավետ իրականացվող գործառույթները բացահայտելու և դրանք կրճատելու համար: Պետական կառավարման մարմինները պետք է ոչ թե աշխատողների համար զբաղվածություն ապահովեն, այլ քաղաքացիներին պետք է մատուցեն ծառայություններ: Եթե այդ ծառայությունները պահանջված չեն, արդյունավետ չեն, թանկարժեք են, ապա դրանք պետք է վերանան կամ փոխակերպվեն»,– ասել է վարչապետը։