News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի փողոցների բանուկ հատվածներում տեղադրված աղբամանների մասին մամուլի հրապարակումներից գրեթե մեկ տարի անց է միայն քաղաքապետ Տարոն Մարգարյանն «արթնացել» ու համապատասխան հանձնարարականներ տվել:

Մասնավորապես, 2015թ. նոյեմբերին Երեւանի բնակիչ Դավիթ Խաժակյանը հրապարակել էր լուսանկարներ, որոնցում պարզ երեւում է՝ աղբամանները տեղադրված են հետիոտների համար նախատեսված անցումների վրա կամ անմիջապես դրանց կողքին:

«Ինչպես երեւում է ստորեւ բերված նկարներում` աջ գծով երթեւեկող վարորդը կամ պետք է բախվի աղբամանին, կամ շրջանցի այն եւ խոչընդոտի զուգահեռ գնացող մեքենայի երթեւեկությանը: Խնդրի առնչությամբ դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչություն (ըստ վարչության կանոնադրության 2-րդ բաժնի 4-րդ եւ 5-րդ կետերի իրենք են զբաղվում աղբահանության աշխատանքների կազմակերպմամբ եւ հսկողությամբ): Վարչության մասնագետը հեռախոսազրույցում հայտնեց, որ տեղյակ են խնդրի վերաբերյալ, սակայն այս պահին որեւէ լուծում չեն կարող առաջարկել նույնիսկ այն պարագայում, եթե քաղաքացիների բողոքին պաշտոնական ընթացք տրվի»,- իր բաց նամակում գրել էր Դավիթ Խաժակյանը:

Դեռեւս այդ ժամանակ «Սանիթեք» ընկերությունից NEWS.am-ի թղթակցին վստահեցրել էին, որ իրենք հետիոտնային անցումների վրա աղբամաններ չեն տեղադրում: Ինչ վերաբերում է փողոցներում տեղադրված աղբամաններին, ապա ներկայացուցչի խոսքով՝ մեկ ամսվա ընթացքում այդ խնդիրը կլուծվի:

Այս բաց նամակից շուրջ 12 ամիս անց Երեւանի քաղաքապետարանը որոշել է կարծես արձագանքել դրան: Հոկտեմբերի 24-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Սանիթեք» ընկերության հետ ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել եւ կարգավորել մայրաքաղաքում աղբամանների տեղադրման վայրերի ընտրության հարցը:

«Պարբերաբար բողոքներ եմ լսում բնակիչներից, որ այս կամ այն հասցեում աղբամանները ոչ հարմար տեղում են դրված: Դժգոհությունները հատկապես շատ են փողոցների բանուկ հատվածներում տեղադրված աղբամանների մասով, ինչը ինքս էլ մի քանի անգամ նկատել եմ: Մարդիկ արդարացիորեն նաեւ դժգոհում են, որ այս հարցի հետ կապված մեր կոմունալ վարչությունն ու «Սանիտեկը» մեկը մյուսի վրա են փորձում գցել պատասխանատվությունը: Նման մոտեցումն անընդունելի է ինձ համար: Բազմիցս եմ նշել, որ եթե որեւէ խնդիր անհանգստացնում է մեր բնակիչներին, պետք է լուծումներ գտնել, ոչ թե փորձել արդարանալ, թե տվյալ խնդրի կարգավորումը մեր դաշտում չէ: Ու հատկապես այս հարցում պատասխանատվությունը երկուստեք է՝ թե՛ կոմունալ վարչությանը եւ թե՛ «Սանիթեք»-ինը»,- ասել է քաղաքապետը:

Հուսանք, որ այս հարցի լուծումը եւս մի քանի ամիս չի պահանջի քաղաքապետարանից եւ շվեդական ընկերությունից:

Տպել
Ամենաշատ