News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արդեն 1 տարի Երեւանում աղբահանությունն իրականացնող շվեդական «Սանիտեկ» ընկերությունից բնակիչների բողոքները չեն դադարում: Այս անգամ էլ տեղադրված աղբամաններից դժգոհում են վարորդներն ու հետիոտները՝ նշելով, որ դրանց տեղադրումը փողոցում խախտում է անվտանգության կանոնները:

Երեւանի բնակիչ Դավիթ Խաժակյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցում պարզ երեւում է, որ աղբամանները տեղադրված են հետիոտների համար նախատեսված անցումների վրա կամ անմիջապես դրանց կողքին:

«Ինչպես երեւում է ստորեւ բերված նկարներում` աջ գծով երթեւեկող վարորդը կամ պետք է բախվի աղբամանին, կամ շրջանցի այն եւ խոչընդոտի զուգահեռ գնացող մեքենայի երթեւեկությանը: Խնդրի առնչությամբ դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչություն (ըստ վարչության կանոնադրության 2-րդ բաժնի 4-րդ եւ 5-րդ կետերի իրենք են զբաղվում աղբահանության աշխատանքների կազմակերպմամբ եւ հսկողությամբ): Վարչության մասնագետը հեռախոսազրույցում հայտնեց, որ տեղյակ են խնդրի վերաբերյալ, սակայն այս պահին որեւէ լուծում չեն կարող առաջարկել նույնիսկ այն պարագայում, եթե քաղաքացիների բողոքին պաշտոնական ընթացք տրվի»,- իր բաց նամակում գրել է Դավիթ Խաժակյանը:

«Սանիտեկ» ընկերությունից, սակայն, NEWS.am-ի թղթակցին վստահեցրին, որ իրենք հետիոտնային անցումների վրա աղբամաններ չեն տեղադրում:

«Մենք աղբամանները տեղադրում ենք սահմանված վայրերում, սակայն հարակից առեւտրային կետերի աշխատակիցներ, շենքերի բնակիչները դուրս են գալիս, եւ աղբամանները հրելով հեռացնում իրենց մոտից, ինչի հետեւանքով էլ աղբամանը հայտնվում է անցումի վրա: Մեր մեքենաներն անցնում են փողոցներով եւ նման դեպքերի հանդիպելիս անմիջապես ուղղում են»,- ասաց ընկերության հանրային հարաբերությունների ղեկավար Էլիանորա Շխրդմյանը:

Ինչ վերաբերում է փողոցներում տեղադրված աղբամաններին, ապա ներկայացուցչի խոսքով՝ մեկ ամսվա ընթացքում այդ խնդիրը կլուծվի:

Հիշեցնենք, որ «Սանիտեկի» տեղադրած աղբամաններից դժգոհում են նաեւ բնակիչները, որոնց խոսքով՝ դրանք տեղադրվում են տներին շատ մոտ:

Նշենք, որ «Սանիտեկը» շուտով կդառնա մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում աղբահանություն իրականացնող։ Ընկերությունից հայտնում են, որ իրենք կրկնակի ավելացրել են աղբամանների թիվը Երեւանում, իրենց տեղադրած եվրոպական ստանդարտներով աղբամանները կրկնակի տարողունակ են նախորդ աղբամանների համեմատ եւ հրակայուն։

Տպել
Ամենաշատ