Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկույցում նշվում է, որ Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններն ընդհանուր առմամբ ընտրողներին ընտրության իրական հնարավորություն են տվել և անցել են կազմակերպված, սակայն Վեհաժողովն արձանագրել է մի շարք լուրջ խնդիրներ, այդ թվում՝ ճնշումներ ընդդիմության նկատմամբ, վարչական ռեսուրսի կիրառում, տեղեկատվական դաշտի բևեռացվածություն և արդյունքների բողոքարկման արդյունավետ մեխանիզմների թերություններ: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկույցում։

ԵԽԽՎ զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երեք՝ թիվ 10/51, 35/65 և 12/13 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմանը: Ըստ զեկույցի՝ երկու տեղամասում զինծառայողներին թույլատրվել է քվեարկել օրենքով սահմանված քվեարկության ժամանակի ավարտից հետո, իսկ մեկ տեղամասում օրվա մեծ մասը բացակայել են «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի քվեաթերթիկները:

ԵԽԽՎ-ն որպես ամենալուրջ խնդիր դիտարկում է այն, որ ԿԸՀ-ն, անվավեր ճանաչելով այս տեղամասերի արդյունքները, վերաքվեարկություն չի նշանակել և իր որոշման համար բավարար հիմնավորում չի ներկայացրել:

Զեկույցում նշվում է, որ առանձին հաշվարկների համաձայն՝ եթե այդ տեղամասերի արդյունքները հաշվի առնվեին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող էր հաղթահարել կուսակցությունների համար սահմանված 4 տոկոսանոց ընտրական շեմը և մանդատներ ստանալ խորհրդարանում: Ընտրությունների արդյունքում կուսակցությունը հավաքել է ձայների 3,99 տոկոսը՝ 58 287 քվե:

Այսպիսով՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու իր ընտրազանգվածը հայտնվել են խորհրդարանից դուրս, մինչդեռ մանդատների վերաբաշխումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը թույլ է տվել ստանալ երեք հինգերորդի սահմանադրական մեծամասնություն:

ԵԽԽՎ-ն ուղղակիորեն նշում է, որ երեք տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ-ի որոշումը «վճռորոշ էր ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ խորհրդարան անցնելու համար»: Ընդ որում՝ հանձնաժողովը բավարարվել է ընդամենը մեկ տողանոց հիմնավորմամբ առ այն, որ այդ տեղամասերի արդյունքների չեղարկումը «չի ազդել ընդհանուր արդյունքի վրա», և հրաժարվել է վերաքվեարկություն նշանակել:

Զեկույցում այս փաստարկը որակվում է որպես «միանգամայն անբավարար»՝ հաշվի առնելով որոշման հետևանքների լրջությունը:

Դիտորդները նշում են նաև, որ ԿԸՀ-ի որոշումը վիճարկվել է դիտորդական քաղաքացիական կազմակերպությունների և փորձագետների կողմից, որոնք այն համարել են բավարար իրավական հիմքերից զուրկ, ինչպես նաև համաչափության սկզբունքին և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի չափանիշներին հակասող:

ԵԽԽՎ-ն ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ այդ տեղամասերի արդյունքների չեղարկման և «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից մանդատներ կորցնելու հարցով դատական քննությունները իրավիճակը չեն շտկել: Զեկույցում խոսվում է այն ռիսկի մասին, որ ընտրողների զգալի մասը մնացել է առանց արդյունավետ ներկայացվածության, քանի որ կուսակցության գրանցած արդյունքը խիստ մոտ է եղել 4 տոկոսանոց շեմին:

Ընդհանուր առմամբ՝ ԵԽԽՎ-ն նշում է, որ քվեարկության օրն անցել է հանգիստ, իսկ դիտարկված տեղամասերի մեծ մասում գործընթացները պատշաճ կերպով են կազմակերպվել: Սակայն, պատվիրակության գնահատմամբ, ընտրությունները չի կարելի գնահատել բացառապես քվեարկության օրվա ընթացքով:

Որպես հիմնական խնդիրներ՝ ԵԽԽՎ-ն առանձնացրել է աշխարհաքաղաքական առանձնահատուկ լարված համատեքստն ու աննախադեպ արտաքին ճնշումը, ընտրակաշառքի շարունակվող դեպքերը, վարչական ռեսուրսի կիրառումը, դատական պաշտպանության թերությունները, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցություններից մեկի ընտրազանգվածին խորհրդարանում ներկայացվածությունից զրկելը՝ մանդատների բաշխման վրա դրա թողած էական ազդեցությամբ հանդերձ:

Բացի այդ, զեկույցում խոսվում է ընտրակաշառքի և ընտրական այլ հանցագործությունների վերաբերյալ ավելի քան 200 քրեական վարույթների մասին, որոնք հարուցվել են գերազանցապես ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Դա, ըստ դիտորդների, տպավորություն է ստեղծել, որ իրավակիրառ պրակտիկան ընտրողական բնույթ է կրում:

ԵԽԽՎ-ն մատնանշում է նաև հանրային ոլորտի աշխատողների նկատմամբ ճնշումները՝ իշխող կուսակցության միջոցառումներին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով, նախընտրական արշավների ֆինանսավորման ոչ բավարար վերահսկողությունը, լրատվամիջոցների խիստ բևեռացվածությունն ու մանիպուլյատիվ բովանդակության, այդ թվում՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված նյութերի կիրառումը:

Որպես հանձնարարականներից մեկը՝ ԵԽԽՎ-ն առաջարկում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, որոնք հստակ կնախատեսեն վերաքվեարկության անցկացում այն դեպքում, երբ վտանգվում է հիմնարար խորհրդարանական ներկայացվածությունը՝ սահմանելով հստակ շեմեր և ընթացակարգեր: