Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը պատասխանելու է արտաքին ճնշմանը։ Դրա մասին նախագահը ասել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին և նվիրված էր Ատոմային արդյունաբերության աշխատողի օրվան։
Լիխաչովը, խոսելով պատժամիջոցների պայմաններում պետական կորպորացիայի գործունեության մասին, նշել է. «որքան ուժեղ մեզ ճնշեն, այնքան բարձր կլինի մեր արդյունքը»։ Ի պատասխան՝ Պուտինն ասել է. «Ինքներս բոլորի վրա ճնշում կգործադրենք»։
«Ռոսատոմ»-ի ղեկավարը ներկայացրել է նաև կորպորացիայի ֆինանսական ցուցանիշները։ Նա հավելել է, որ վերջին 10 տարիների ընթացքում կորպորացիայի հասույթն, առանց պետական պաշտպանական պատվերի հաշվառման, աճել է չորս անգամ և գերազանցել 3 տրիլիոն ռուբլին։
Տեխնոլոգիական ինքնիշխանության հետ կապված նոր ուղղություններից ստացվող հասույթն այս ժամանակահատվածում աճել է տասն անգամ։ Լիխաչովը կարծում է, որ նման արդյունքների հասնելուն մեծապես նպաստել է պատժամիջոցային ճնշումը, ինչը, նրա կարծիքով, ընկերությունն ավելի ուժեղ է դարձրել։





























