Հայաստանը չպետք է հակադրությունների հարթակ լինի, պիտի համագործակցության հարթակ լինի։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հրապարակված ԵԽԽՎ զեկույցին։
«Հայաստանում գերտերությունները պետք է միասին աշխատեն, ոչ թե Հայաստանը լինի Եվրոպայի գործիքը Ռուսաստանի դեմ կամ հակառակը։ Այս զեկույցով Եվրոպան Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ–ին գնահատական է տվել, անգամ Եվրոպան չի ուզում Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ–ին պաշտպանել»,– ասաց Աբրահամյանը։
Իր հերթին «Ուժեղ Հայաստան» կուսկացության Խորհրդի անդամ Գոհար Մելոյանը նշել է, որ այս զեկույցն այն մասին է, որ «Ուժեղ Հայաստանը» Եվրոպայի համար ընկալելի քաղաքական ուժ է եւ կուսակցությունը սկսել է հավասարակշռված փոխհարաբերություններ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ. «Զեկույցում հստակ նշվում է, որ չնայած այն մեղադրանքներին, որ «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ հնչեցնում էին, օրինակ Ռուսաստանից մարդկանց բերելու, ուղղորդելու եւ հանրային մեծագույն աղմուկին, ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը մեկ գեթ դեպք հավաստող չեն գտել։ Զեկույցում կա Ռուսաստանի մասին, սակայն դա բնավ չի վերաբերում Հայաստանի ընդդիմությանը եւ մասնավորապես «Ուժեղ Հայաստանին»։ Նորից ասեմ՝ հստակ արձանագրված է, որ նման մեկ գեթ դեպք չի արձանագրվել»։





























