Ինդոնեզիայի Յավա կղզում գտնվող Պապանդայան հրաբուխը փայլել է վառ կապույտ բոցով՝ հրաբխային գազերի բարձր խտության պատճառով։ Դրա մասին հայտնում է Antara-ն՝ հղում անելով Ինդոնեզիայի Երկրաբանական գործակալությանը։

Անսովոր լուսարձակումը դիտվել է սեպտեմբերի 24-ին Մանուկ խառնարանում։ Մասնագետների տվյալներով՝ պատճառը բարձր ջերմաստիճանի ծծումբ պարունակող գազի արտազատումն էր, որը թթվածնի հետ շփման ժամանակ բռնկվել է՝ բոցին բնորոշ կապույտ գույն հաղորդելով։

Չափումները ցույց են տվել, որ ծծմբի երկօքսիդի (SO₂) խտությունը կազմել է 230 ppm, իսկ ծծմբաջրածնի (H₂S)՝ 120 ppm։ Այդ ցուցանիշները գերազանցում են անվտանգ մակարդակները և վտանգավոր են մարդկանց համար։

Թեև կապույտ լուսարձակման ինտենսիվությունը հետագայում նվազել է, հրաբխային գազերը դեռևս վտանգավոր են։ Մանուկ խառնարանը հիմնական զբոսաշրջային արահետի և ճամբարի մոտ է, ուստի իշխանությունները սահմանափակել են մուտքը դեպի ակտիվ խառնարաններ։ Զբոսաշրջիկներին և տեղացիներին արգելվում է դրանց մոտենալ 500 մետրից պակաս հեռավորության վրա։

Կապույտ լուսարձակումը, որը առաջանում է ծծումբ պարունակող գազերի այրման ժամանակ, հազվագյուտ բնական երևույթ է համարվում և կարող է դիտվել ակտիվ հրաբխային գործունեություն ունեցող շրջաններում։