News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Նացիոնալ սոցիալիզմը ձգտում էր ներկայանալ որպես երիտասարդական շարժում։ Նացիստական երիտասարդական կազմակերպության անդամ Ֆրանց Ալբրեխտ Շալլի օրագրերից ակնհայտ է դառնում, որ դեռ մինչեւ իշխանության գալը նացիստները չարաշահում էին երիտասարդ սերնդի էնտուզիազմը»,- գրում է Focus կայքում հեղինակ Արմին Ֆուրերը։

Ֆրանց Ալբրեխտը սովորական պատանի էր։ Նա ծնվել է 1913-ին բողոքական ընտանիքում։ Նրա հայրը աստվածաբանություն էր դասավանդում, ծանոթ էր գրող Հերման Հեսսեի հետ, մայրը նույնպես ուսուցչուհի էր։ Ֆրանց Ալբրեխտն, իր երկու եղբայրների նման, ոգեւորված անդամակցել էր հետախույզների պատանեկան շարժմանը։ «1929-ին նա առաջին անգամ է շփվել հիտլերյուգենդի ներկայացուցիչների հետ ու միանգամից անցել այդ երիտասարդական կազմակերպության կողմը, որը Ադոլֆ Հիտլերի շրջապատը համարում էր նացիոնալ սոցիալիզմի գաղափարներին անվերապահորեն հավատացող սերունդ ձեւավորելու հնարավորություն»,- ասվում է հոդվածում։

«Ֆրանց Ալբերխտ Շալը արել է մի բան, որը նրան տարբերում է հիտլերյուգենդի մյուս համախոհներից՝ նա պահում էր օրագիր, որտեղ նկարագրում էր այն ամենը, ինչ հուզում  ու ոգեշնչում էր նրան կազմակերպությունում ու հենց Հիտլերի կերպարում, նշում, թե ինչ միջոցառումներ էր անցկացնում հիտլերյուգենդը Ալտենբուրգում։ 6 տարում նա մոտ հազար էջ է գրել»։ Օրագրի արժեքը առաջին հերթին այն է, որ Շալլը այդ իրադարձությունները նկարագրել է հենց դրանց կատարվելու պահին։ «Օրագիրը ցույց է տալիս, թե ինչ գրավող ուժ ուներ նացիոնալ սոցիալիզմը երեխաների ու պատանիների համար»,- նշում է Պոստերտը։ Նացիստները միտումնավոր էին երիտասարդներին ներարկում ավագ սերնդի հանդեպ ըմբոստության ոգին։

«Եղբայրության համախմբվածությունը, պաշտամունքի պոմպեզությունը, թշնամու հստակ կերպարները ու հավատարմության երդումը այն գրեթե առաքելական խնդրին, որն իր առաջ դրել էր նացիոնալ սոցիալիզմը, համապատասխանում էին իմաստի ու ինքնության որոնման ձգտումներին, որոնք բնորոշ են հենց երիտասարդ սերնդին»,- արձանագրում է Պոստերտը։

 Ֆրանց Ալբրեխտի օրագրում իսպառ բացակայում են ինքնաարտացոլման հետքերը։ Նրա գրածներում նկատվում է վստահություն, որ ինքը դարաշրջանների փոփոխության ականատեսն է, նրան ոգեւորում էր դրան նպաստելու ձգտումը։

Նրա երկու եղբայրները նույնպես դարձել էին նացիստական շարժման խանդավառ կողմնակիցները ՝ ի տարբերություն հոր, որը 1937-ին նույնիսկ կալանավորվել էր իր քաղաքական հայացքների համար ու մի քանի ամիս անցկացրել բանտում։ Նրա որդուն, նկատում է լրագրողը, դա չէր ստիպել կասկածել, հակառակը, քաղաքական հայացքներում լուրջ տարաձայնությունների պատճառով նրանք վերջնականապես խզել էին հարաբերությունները։ Շալլ ավագը մահացել է 1943-ին աղքատության ու մոռացության մեջ՝ մինչ այդ նա նաեւ կնոջից էր բաժանվել։

«Նույնիսկ երբ Երրորդ ռեյխի անկման նշանները արդեն անշրջելի էին դարձել՝ Շալլը չէր հրաժարվում նացիոնալ սոցիալիզմի գաղափարներից,- ասվում է հոդվածում,- Չհրաժարվեց նաեւ հետագայում։ Նա վերադարձավ իր ուսուցչական գործունեությանը ու աշխատեց հետախույզների շարժման շարքերում»։ Ֆրանցը մահացել է 2011-ին։

Իսկ անձամբ Անդրե Պոստերտի համար Ֆրանց Ալբրեխտ Շալը քաղաքական փորձարկման դասական օրինակ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ