Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 27-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանի ձերբակալության մասին:
Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ դատավորի կաշառք վերցնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հոկտեմբերի 28-ին Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Նույն օրն Իշխան Բարսեղյանը հանցանք կատարելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է:
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու համաձայնություն տալու առաջարկով ՀՀ նախագահին դիմելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: