Ռուս իրավապահներին հաջողվել է վերականգնել 2016–ի դեկտեմբերի 19–ին Անկարայում մի միջոցառման ժամանակ ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած թուրք ոստիկան Մեւլութ Ալթընթաշի ջնջված նամակագրությունը։
Թուրքական Posta–ի փոխանցմամբ՝ ռուսական կողմը թուրքական դատախազությանն է հանձնել Մեւլութ Ալըթնաշի վերականգնված նամակագրությունը, որը մի քանի բաժիններից է կազմված։
«Ֆեթուլլահ Գյուլեն» անունը նամակագրության մեջ 2 անգամ է հանդիպում, «հիզմեթ» (Գյուլենի շարժման անունը գյուլենականների համար–խմբ) անունը՝ 690 անգամ, «Ֆեթո» (գյուլենականների անունը թուրք իրավապահների համար–խմբ) անունը՝ 4 եւ «Նուր իսլամական շարժում» անունը՝ 1 անգամ։ «Ալ քաիդա» անունը չի հանդիպում նամակագրությունների մեջ։
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո «Ալ Քաիդայի» անունը տվել է հետաքննության ժամանակ իրավապահներին մոլորեցնելու համար։
Նշենք, որ 2016–ի դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթ Ալթընթաշին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթ Ալթընթաշը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։