Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

ԿԳՆ. «Հանրակրթության մասին» օրենքը կնպաստի դպրոցի արագ եւ լիարժեք կայացմանը

Սեպտեմբեր 21, 2009 | 15:13

2003 թվականից մշակվում ու քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքը: Այդ ընթացքում փոխվեցին երեք նախարար, իսկ օրենքի ընդունումը ձգձգվեց եւ հաստատվեց բոլորովին վերջերս` օգոստոսի 15-ին: Նախկինում հանրակրթությունը կարգավորվում էր «Կրթության մասին» ՀՀ օրենքով ու այլ իրավական ակտերով:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի դրույթների մասին NEWS.am-ը զրուցեց ՀՀ կրթության պետական տեսչության պետի տեղակալ Ռաիսա Գալստյանի հետ:

Տիկին Գալստյան, ի՞նչ դրույթներ են ամրագրվել նոր օրենքում, որ չկար նախկինում:

Օրենքում մի շարք հասկացություններ սահմանվել են առաջին անգամ, իսկ որոշ հասկացությունների տրվել են նոր սահմանումներ. «հանրակրթություն», «տարրական կրթություն», «հիմնական կրթություն», «միջնակարգ կրթություն», «հանրակրթության պետական չափորոշիչ», «հանրակրթական ուսումնական հաստատություն», «հանրակրթական դպրոց», «մասնագիտացված հանրակրթական դպրոց», «հատուկ հանրակրթական դպրոց», «բազմահամակազմ դասարան», «մանկավարժական աշխատող», «ուսուցիչ», «ուսուցչի ատեստավորում», «տնօրենի հավաստագրում», «դասագրքի փորձաքննություն»:

Փոփոխություն է կատարվել հենքային ուսումնական պլանի կառուցվածքում. այն այժմ բաղկացած է երկու բաղադրիչից` պետական եւ դպրոցական: 3-րդ բաղադրիչը` նախասիրականը, հանվել է, քանի որ այն իրականացվում է վճարովի հիմունքներով, եւ դրա համար պետական ֆինանսավորում չի նախատեսվում:

Փոփոխություններ են կատարվել նաեւ լիցենզավորման եւ պետական տուրքի մասին օրենքներում. հանրակրթական ծրագրերի իրականացման համար տրվում է 9 տեսակի լիցենզիա (ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրերն ըստ աստիճանների` տարրական, հիմնական եւ միջնակարգ):

Ուսումնական հաստատության համար շատ կարեւոր ու շահավետ է հետեւյալ դրույթը. ուսումնական հաստատության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության որոշ տեսակներ համարվում են հանրակրթական հիմնական ծրագրի անբաժանելի մաս, այսինքն ձեռնարկատիրական գործունեության` օրենքով սահմանված որոշ տեսակներ կհայտնվեն հարկային արտոնյալ դաշտում:

Օրենքով դպրոցի կառավարման կոլեգիալ մարմնին` խորհրդին տրվել են նոր լիազորություններ ու սահմանվել են պարտականություններ: Այսուհետ մրցույթով ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր պետք է կնքի դպրոցի խորհուրդը: Սա կմեծացնի տնօրենի անկախությունը:

Իսկ տնօրենի անկախությունը արդյո՞ք չի նպաստի կոռուպցիային, քանի որ խորհրդի, այսինքն` յուրայինների հետ ավելի հեշտ կլինի հարցերին կամայական մոտեցում ցուցաբերել:

Խորհուրդը` որպես կոլեգիալ կառավարման մարմին, ձեւավորվում է ուսումնական հաստատության գործունեությամբ շահագրգիռ եւ, եթե կարելի է այսպես ասել` տարբեր բեւեռներում գտնվող մարմինների ներկայացուցիչներից` պետական լիազորված մարմին, մանկավարժական խորհուրդ, ծնողական խորհուրդ: Նախատեսվում է նաեւ ՀՀ ԿԳՆ ներկայացուցչի անդամակցությունը խորհրդին: Ո՞ւմ, եթե ոչ այս մարմնին տրված լծակները պետք է կիրառվեն բոլոր արատավոր երեւույթների դեմ: Տնօրենին օրենքով վերապահված լիազորությունները նրան չեն ազատում խորհրդի առջեւ հաշվետու լինելուց: Իհարկե, կան խորհուրդներ, որոնց անդամները ազգակցական կամ խնամիական կապի մեջ են տնօրենի հետ (ինչից լիովին զերծ մնալ պրակտիկորեն անհնար է), սակայն այս օրենքում սահմանվել են խորհրդի անդամի ոչ միայն իրավունքները, այլ նաեւ պարտականությունները: Ուստի, խորհրդին տրված լիազորությունները կստիպեն դպրոցին (նաեւ` մարզպետին) առավելագույնս ճիշտ ընտրել իր ներկայացուցիչներին, իսկ պարտականությունները կստիպեն առաջադրվող անդամին առավել պատասխանատվորեն ստանձնել դրանք:

Բացի այդ, ընդհանրացնել չի կարելի. կան կայացած, իրենց իրավունքները գիտակցող ու պարտականությունները կատարող խորհուրդներ, ինչն էլ օգնում կամ ստիպում է տնօրեններին մնալ իրավական դաշտում:

Համոզված եմ, որ օրենքը եւ դրանից բխող կարգերը կնպաստեն այդ ինստիտուտի արագ եւ լիարժեք կայացմանը:

Օրենքով նախատեսվել է կարեւոր մի գործընթաց եւս` դպրոցի տնօրենի հավաստագրումը: Այս մեխանիզմի ներդումը հետապնդում է մի նպատակ` ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը վերապահել իրավական, կառավարչական, մեթոդամանկավարժական գիտելիքներ, գործնական հմտություններ ունեցող անձանց: Միայն համապատասխան հավաստագիր, բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժկան կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ստաժ ունեցող անձը կարող է մասնակցել տնօրենի թափուր տեղի մրցույթին:

Օրենքով սահմանվել է նաեւ ուսուցչի մեկ դրույքի առավելագույն չափը` 22 դասաժամ: Այս պահանջը բխում է ուսուցչի շահերից. այսինքն մեկ դրույքի ծավալը այլեւս չի կարող մեծացվել: Սակայն սա չի նշանակում, որ ուսուցչի փաստացի ծանրաբեռնվածությունը չի կարող գերազանցել շաբաթական 22 դասաժամը: Ուսուցչի ծանրաբեռնվածությունը սահմանվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Ի դեպ ավելացնեմ, որ ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածությունը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է 22-33 ժամ: Այսինքն, կախված ուսումնական շաբաթվա տեւողությունից (հնգօրյա, թե վեցօրյա, որն ի դեպ որոշում է ուսումնական հաստատությունը) ուսուցիչը դպրոցում պետք է աշխատի օրական 4.4-6.6 ժամ կամ` 3.6-5.5 ժամ: Աշխատանքային ժամերի տեւողությունը կախված է ուսուցչի դասաժամերի քանակից, որոնք ամրագրվում են աշխատանքային պայմանագրում:

Այսուհետ արգելվում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողի հեռացումը: Դպրոցից սովորողի տեղափոխումը կամ ազատումը իրականացվելու են ԿԳՆ սահմանած կարգով:

Ոչ պետական ուսումնական հաստատության կամ մասնագիտացված հանրակրթական դպրոցի սովորողին դպրոցից ազատումը իրականացվում է սովորողի ծնողի եւ դպրոցի միջեւ կնքված պայմանագրով սահմանված կարգով: Մնացած դեպքերում երեխային հանրակրթությունից դուրս թողնելն արգելվում է:

Տիկին Գալստյան, տպավորություն է ստեղծվում, որ այս կետով խրաախուսվում է անկարգությունը: Կամ եթե կարգազանց երեխային տեղափոխում են այլ դպրոց, տնօրինությունը համաձայնո՞ւմ է նրան ընդունել:

Օրենքով ծնողն իրավունք ունի իր երեխայի ուսուցման համար ընտրել ուսումնական հաստատությունը, եւ դպրոցի տնօրենը պարտավոր է ընդունել երեխային, եթե ապահովված են ընդունելության համար նախատեսված բոլոր փաստաթղթերը:

Օրենքով սահմանված կարգով ծնողը պատասխանատվություն է կրում սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար եւ պարտավոր է օրենքով սահմանված ժամկետներում երեխային բերել դպրոց:

Կարելի՞ է ասել, որ այդ դրույթը դպրոցին պատասխանատվությունից ազատելու համար է:

Ոչ, ուսումնական հաստատությունը իրականացնելով հանրակրթական ծրագիր, պետք է ապահովի հանրակրթության նպատակների իրականացումը. սովորողի մտավոր, հոգեւոր, ֆիզիկական եւ սոցիալական զարգացումը, նրա անձի` որպես ապագա քաղաքացու ձեւավորումը, ինքնուրույն կյանքին, մասնագիտական կողմնորոշմանը եւ մասնագիտական կրթությանը նախապատրաստումը:

Նոր օրենքով արտոնություններ են սահմանվել այն ոչ պետական ուսումնական հաստատությունների համար: Այն ոչ պետական ուսումնական հաստատությունները, որոնք կհամապատասխանեն ՀՀ կառավարության սահմանած պահանջներին եւ չափանիշներին ` կստանան պետական ֆինանսավորում: Սա կարեւոր է նրանով, որ կմեծանա մրցակցային դաշտը, ինչն էլ կնպաստի կրթության որակի ու արդյունավետության բարձրացմանը:

Բացակայությունների առավելագույն չափը նվազեցվել է` նախկին 240 ժամից հասցնելով 160-ի: Ուսումնական տարվա ընթացքում` մինչեւ մայիսի 1-ը, 20-30 օր կամ 120-160 ժամ դասերից բացակայած սովորողը հանձնում է քննություններ ուսումնական պլանով նախատեսված 5 առարկաներից` ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ: Քննություններից անբավարար գնահատական ստացած կամ 160 ժամից ավելի բացակայած սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, այսինքն` մնում է նույն դասարանում: Ծնողների եւ մանկավարժների այն մտահոգությունը, թե երկարատեւ հիվանդության պատճառով բացակայությունները կարող են պատճառ դառնալ սովորողին նույն դասարարանում թողնելուն, զուր է, քանի որ նման դեպքերում իրականացվում է տնային ուսուցում, եւ դպրոց չհաճախելը չի համարվում բացակայություն:

Կարծո՞ւմ եք, որ կգործի տնային ուսուցումը հատկապես գյուղական վայրերում, ուր բոլորը միմյանց ճանաչում են, եւ առանց տնային ուսուցման էլ բացականների խնդիր չի առաջանա:

Նման վարվելակերպը հակադաստիարակչական կլինի մյուս սովորողների համար, իսկ տնօրենը թույլ կտա ոչ միայն պետական չափորոշիչների պահանջների, այլ նաեւ ֆինանսական խախտում: Չէ՞ որ տնային ուսուցման համար առանձին ֆինանսավորում է հատկացվում. չպարապող ուսուցիչը ինչպե՞ս կարող է վարձատրվել: Բացի այդ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից իրականացվող ընթացիկ ստուգումների արդյունքները ի վերջո կբացահայտեն սովորողների գիտելիքների ցածր մակարդակը:

Ըստ օրենքի` 2012 թվականից կներդրվի ուսումնական հաստատությունների ներքին եւ արտաքին գնահատման համակարգը, եւ ուսումնական հաստատության վարկանիշը ի ցույց կդրվի բոլորին: Իր գործին նվիրյալ ու պատասխանատու տնօրենը կրթության որակի ապահովմանը կմոտենա ամենայն պատասխանատվությամբ:

Վարձատրության առումով փոփոխություն կա՞ օրենքում:

Օրենքով սահմանվել է ՀՀ սահմանամերձ, բարձր լեռնային եւ լեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների հավելյալ աշխատավարձ` միջին մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով: Սա կխթանի մասնագետների հոսքը դեպի նշված բնակավայրեր, իսկ տեղի մասնագետները չեն լքի իրենց բնակավայրերը:

Անդրադառնանք մի կարեւոր դրույթի եւս: Ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ունի համապատասխան որակավորում (միջին մասնագիտական կամ բարձրագույն մանկավարժական կրթություն) կամ վերջին տասը տարվա ընթացքում մասնագիտական գործունեության (տվյալ առարկայի ուսուցչի) առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ (ուժի մեջ է մտնում 2010 թ. մարտի 1-ից): Այս դրույթի 2-րդ մասով պաշտպանվում են այն ուսուցիչների շահերը, ովքեր չունենալով մանկավարժի որակավորում աշխատել են դպրոցում: Իսկ ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, ովքեր չունեն համապատասխան որակավորում եւ առնվազն 5 տարվա մասնագիտական ստաժ, կարող են շարունակել իրենց մասնագիտական աշխատանքը, եթե մինչեւ 2011 թ. օգոստոսի 20-ը ստացել (ստանում) են համապատասխան որակավորում:

Ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների` զբաղեցրած պաշտոնին, որակավորման տարակարգի բնութագրիչներին համապատասխանության որոշման նպատակով ներդրվել է ուսուցչի ատեստավորման մեխանիզմը: Ուսուցիչը պետք է ատեստավորվի յուրաքանչյուր 5 տարին մեկ: Ատեստավորումը անցկացվում է պարզ եւ բարդ ընթացակարգերով` կախված ուսուցչի հավակնություններից: Ուսուցչի մասնագիտական որակավորման յուրաքանչյուր աստիճանում (տարրական, հիմնական, միջնակարգ) սահմանվում է 3 տարակարգ:

Մեկ նոր դրույթ եւս` առանձին գործող ավագ դպրոցները մարզային ենթակայությունից անցնելու են ԿԳՆ ենթակայության:

Տիկին Գալստյան, աշակերտ-թվով ֆինանսավորումից բացի դպրոցը կարո՞ղ է բյուջեից այլ ֆինանսավորում ստանալ:

Այո, ուսումնական հաստատությունը կարող է պետական բյուջեից ստանալ լրացուցիչ նպատակային ֆինանսավորում` մրցութային հիմունքներով:

Գայանե Գրիգորյան


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...