News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 23-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին, նշելով, որ ուրախ է հերթական անգամ Երեւանում նրան հանդիպելու համար: Երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման առումով Հանրապետության ղեկավարը կարեւորել է պարբերական հանդիպումները:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ Օբամայի վարչակազմին միանալուց հետո արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան եւ ուրախ է, որ իր այցով եւս նպաստում է հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը:

«Պարո´ն Նախագահ, ինչպես Դուք նշեցիք, այս պարբերական հանդիպումները, նաեւ փետրվարին Մյունխենում Ձեր հանդիպումը պետքարտուղարի հետ, իսկ անցյալ տարի`  Վաշինգտոնում Նախագահ Օբամայի հետ հանդիպումը եւ, իհարկե, իմ այս այցը Հայաստան, ցույց են տալիս մեր երկրների միջեւ կապերի ամրությունը»,-ասել է Ջեյմս Սթայնբերգը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ