News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում աղքատության, սոցիալական խնդիրների եւ դրանցով պայմանավորված  իշխանությունների առջեւ ծառացած մարտահրավերների առյուծի բաժինը գտնվում է մարզերում: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող խորհրդակցության ժամանակ:

«Մարզերում է նաեւ, որ գերակշռում է մարդկանց հուսախաբությունը, հաճախ` լքված լինելու զգացումը, դրա արդյունքում առաջացած հոռետեսական մթնոլորտը:  Անարդարության զգացումը, որ ամենատարբեր առիթներով առաջանում է մարդկանց մոտ, ծնում է անկարողության անհաղթահարելի մի պատնեշ, որին մարդիկ բախվելով, դառնում են շատ դյուրագրգիռ, էմոցիոնալ: Սոսկ բացատրություններ գտնել առկա մարդկային հոգսերի առաջացման պատճառների մասին, նշանակում է պատասխանատվությունը գցել իշխանավորների ուսերից: Սա սխալ մոտեցում է»,- նշել է երկրի նախագահն ու հավելել. «Մարդիկ, առաջին հերթին, կարիք ունեն լսված լինելու, մարդիկ, առաջին հերթին, կարիք ունեն հասկացված լինելու: Անկարողության այդ մթնոլորտը փարատելու միակ ճիշտ ճանապարհը դա է»:

Սերժ Սարգսյանի խոսքով, մարզպետը մարզի լոկ ղեկավարը չէ. նա պետք է լինի մարզի բնակչության առաջնորդը, նրա հոգսերի կիսողը, նրա խնդիրները ներկայացնողը պետական ատյաններում, արդարության մթնոլորտ հաստատողը մարզում, եւ, իհարկե, պետք է լինի նաեւ տեղական իշխանիկներին զսպողը:

«Երբ ես ասում եմ տեղական իշխանիկների մասին, ես նաեւ ուզում եմ ասել, որ ձեզնից էլ որեւէ մեկը չպետք է դառնա տեղական իշխանիկ: Այդ հոգեբանությունը պետք է բացառվի: Դուք պետք է դրա համար օրինակ հանդիսանաք: Դուք եւ մենք ժողովրդի սպասարկողներն ենք: Եւ մենք մեր աշխատանքը լավ պետք է կատարենք, մանավանդ` հիմա, երբ եղած դժվարություններին գումարվել են նորերը, որոնք կապված են, ինչու չէ, նաեւ գնաճի հետ, համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող բարդ զարգացումների հետ: Եթե մենք հիմա մեր գյուղացիներին, մեր գործարարներին թողնենք մենակ այդ խնդիրների հետ, մենք ուղղակի աններելի սխալ կատարած կլինենք, որովհետեւ հիմա ունենք բոլոր հնարավորություններն անելու այնպես, որպեսզի այս տարին դառնա բեկումնային մեր տնտեսության համար եւ, իհարկե, գյուղատնտեսության համար: Գյուղատնտեսությունն ընդգծում եմ, որովհետեւ մարզերում հիմնական աշխատանքը հենց կապված է այդ ոլորտի հետ, մանավանդ, որ արդեն ունենք բազմաթիվ ծրագրեր: Այդ ծրագրերին այս տարի ավելացան նորերը, եւ հիմա էլի նոր ծրագրեր են ավելանալու: Անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն եւ օգտվեն այդ ծրագրերից: Երեկ չէ առաջին օրն ինձ մոտ էր Կենտրոնական բանկի նախագահը, մեր խորհրդակցությունից հետո նոր գործիքներ են առաջարկում` ցածր տոկոսով վարկեր, եւ այդ տոկոսների մի մասն էլ պետությունը կվերցնի իր վրա ու կսուբսիդավորի»,-նշել է Հանրապետության ղեկավարը:

«Հայաստանի տարածքների համաչափ զարգացումը լոզունգ չէ: Գոնե ինձ համար լոզունգ չէ: Մեր երկրի ներկայի ու ապագայի համար համաչափ զարգացումն ունի ռազմավարական նշանակություն:  Տարածք ասելով, մենք, առաջին հերթին, պետք է հասկանանք մարդկանց, ովքեր ոչ թե այդ տարածքների վրա, այդ գյուղերում, քաղաքներում գոյություն են պահպանում, դիմակայում` ինչ-որ խնդիրների, այլ զարգացում են ապրում, բարգավաճում են: Մենք բոլորս միշտ պետք է հիշենք շատ կարեւոր մի ճշմարտություն. կա իր հողի վրա լավ ապրող մարդ, ուրեմն կա տարածք, չկա լավ ապրող մարդ, ուրեմն չկա այդ տարածքը:

Պայմանավորվում ենք հետեւյալ կերպ` աշխատում ենք հանգիստ, բայց առանց դանդաղելու: Աշխատում ենք անաղմուկ, բայց ուժերի լարումով: Ավելորդ չեմ համարում մեկ անգամ եւս կրկնելու, որ ձախողված ծրագրերի համար արդարացումներ չեն ընդունվելու: Պատճառները մարդկանց հետաքրքիր չեն, մարդկանց հետաքրքիր են արդյունքները: Ինձ համար` առավել եւս: Մենք, իհարկե, պարբերաբար հանդիպումներ ունենալու ենք, բայց այսպիսի մի հավաք էլ պետք է ունենանք ուշ աշնանը եւ այն ժամանակ էլ կասենք, թե որտե՞ղ մեր ծրագրերն իրականացվեցին, որտե՞ղ հաջողություններ ունեցանք ու որտե՞ղ չիրականացվեցին եւ ու՞մ պատճառով»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 5-ին, կազմել է...
Փորձագետները վավերացրել են Հայաստանի 2025-2030 թթ. արտահանման ռազմավարությունը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը էկոնոմիկայի նախարարության...
Մայիսի 1-ից  31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մայիսի 1-ից 31-ն ընկած…
ԿԳՄՍ նախարարությանը 2023թ. պետբյուջեից հատկացվել է մոտ 233 մլրդ դրամ. փոխնախարար
232 մլրդ 998 մլն դրամ՝ ԿԳՄՍ նախարարությանը...
ԱԺ-ում շարունակվում է 2023 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը (ուղիղ)
Հանդիպումը տեղի է ունենում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ...
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2 օրով մեկնում է արձակուրդ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ