News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թերթն իր խմբագրականում գրում է, որ բրիտանական ոչ կառավարական Wilton Park կազմակերպության մարտի 24-26-ը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության օժանդակությամբ «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» խորագրի ներքո Ստամբուլում կազմակերպած միջազգային համաժողովի 3-րդ օրը, մարտի 26-ին, ունեցած իր ելույթում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձ է կատարել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ հիշեցրել իր նախորդ ելույթներից մեկի ժամանակ տված բնորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ. «Մեր բոլոր հարեւանները մեր բարեկամներն են, իսկ Հայաստանը` մեր պոտենցիալ բարեկամը»:

«Խոսելով Թուրքիայի` դեպի աշխարհը լայն բացվածության մասին, ավելի շուտ` ընդգծելու համար այն, Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ շուտով, առաջիկա 3 ամիսների ընթացքում, մի թուրքահայ գիտնական, մասնագիտությամբ տնտեսագետ, Փարիզ կգնա որպես Թուրքիայի դեսպան: Նախարարն ասաց, որ նա արդեն ներկայացվել է վարչապետ Էրդողանին եւ նախագահ Գյուլին, որոնք հավանություն են տվել նրա թեկնածությանը: Ինչ վերաբերում է նշանակման 3 ամսով հետաձգմանը, դա եղել է հայազգի տնտեսագետի խնդրանքով` որպեսզի ավարտին հասցնի հեղինակային իր գործերից մեկը: «Ու ես հասկանում եմ նրան,- ասաց Դավութօղլուն,- ես էլ եմ եղել նրա վիճակում` ստիպված լինելով իմ անձնական հեղինակային գործերը հետաձգել անորոշ ժամանակով»:

Դավութօղլուն ոչինչ չասաց ապագա դեսպանի ինքնության մասին: Այդ մասին ոչինչ չգիտեին նաեւ Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան աշխատակիցները, որոնք ասացին, որ բոլորովին անակնկալ էր իրենց համար այդ տեղեկությունը: Միայն նրանցից մեկը թերթի խմբագրին ասել է, որ այդ անձնավորությունը նշանավոր MIT համալսարանի դասախոս է, տնտեսագիտական աշխարհին քաջ հայտնի, որ մի քանի անգամ իր կարեւոր մասնակցությունն է բերել նաեւ Թուրքիայի տնտեսությանը վերաբերող միջազգային համաժողովներին:

Ավելի ուշ հաջողվել է պոլսահայ լավատեղյակ շրջանակներից պարզել այդ անձի անունը` Տարոն Աջեմօղլու: Պոլսահայ ուսուցիչների զավակ այս գիտնականը MIT-ում տնտեսագիտական բաժնի վարիչն է եւ նույն համալսարանում ղեկավարում է մասնագիտական մի խումբ, որի հետազոտությունների արդյունքն առնվազն երկու անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի:

Կարծում ենք, որ այս տեղեկությունը միանշանակ չի դիմավորվի հայկական մամուլի կողմից, ներսում թե դրսում, իսկ թուրքական քարոզչությունը կարեւոր միավորներ կապահովի միջազգային ասպարեզում»,- գրում է «Ազգ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ