News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Արցախի փողոցում տեղի ունեցած սարսափելի վթարից հետո հիվանդանոց տեղափոխված 9 քաղաքացիների բժշկական ծախսերը հոգացել է «Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերությունը` ընդհանուր առմամբ վճարելով 2մլն 65 հազար դրամ: Այս մասին հունիսի 13-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերության տնօրեն Արտակ Մարտիրոսյանը:

Վթարի ենթարկված թիվ 76 երթուղային տաքսին ապահովագրված է եղել «Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերությունում: «Քանի որ դեպքն արտառոց էր, մենք մեզ թույլ ենք տվել ավել վճարումներ կատարել, օրինակ` մեկ անձի գծով սահմանված 400.000-ի փոխարեն Հայրապետյանին Գոռին (7 ամյա երեխան, ով մինչ այժմ հիվանդանոցում է- NEWS.am) արդեն վճարել ենք 750.000 դրամ»,- ասաց Արտակ Մարտիրոսյանը: Նա վստահեցրեց, որ իրենց ապահովագրական ընկերության աշխատակիցները մշտապես այցելում էին բոլոր հիվանդներին, իսկ այժմ` Գոռին:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից սահմանված կարգով` կանխավճարային համակարգով այն ընկերությունը, որտեղ ապահովագրված է մեքենան եւ որի մեջ գտնվող մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ, մինչեւ 400.000-ի չափով պարտավորվում են կանխավճարներ անել մինչ կպարզվի, թե մեղավորությունը որ մեքենայինն է:  Եթե պարզվի, որ մեղավորությունը այլ մեքենայի է, նրանք իրենց վճարած գումարները հետ կստանա այն ընկերությունից, որն ապահովագրել է տվյալ ավտոմեքենան: Նշենք, որ այս վթարի առթիվ քրեական գործ է հարուցվել եւ ընթանում է նախաքննություն:

Արտակ Մարտիրոսյանը նշեց, որ հիվանդանոցներից արդեն հաշիվները ներկայացվել են, կան դեպքեր, որոնք ապագայում նորից վիրահատման կարիք են ունենալու եւ դրա ծախսերը եւս հոգալու է ապահովագրող ընկերությունը,եթե գործի քննությունը ավարտված չլինի: Ինչ վերաբերում է 4 մահացած անձանց ընտանիքներին փոխհատուցմանը, ապա նրանք առայժմ ոչինչ չեն ստացել, Արտակ Մարտիրոսյանն ասաց, որ անհրաժեշտ է, որ գործն ավարտվի, որ փոխհատուցումը ստանան:

«Մինչեւ գործի ավարտը, «Գարանտ Լիմենսը» կփոխհատուցի, իսկ գործի արդյունքում, եթե պարզվի, որ մեղավորը «Մերսեդեսն» է եւ մեքենան ապահովագրված չէր, ապա «Գարանտ Լիմենսը» իր կանխավճարային գումարները կստանա ապահովագրողների բյուրոյից»,- ասաց Արտակ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները:  Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել էր եւ հրդեհ էր բռնկվել: Երկու մեքենաներն էլ, կարելի է ասել, մոխրի էին վերածվել: Մարդիկ մեքենաների մեջ կենդանի-կենդանի այրվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ