News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ է աշխատում: Այս մասին այսօր` հունիսի 15-ին, ասել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն եւ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա իրավիճակին:

Նրանք առանձնակի կերպով ողջունել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ստանձնած դերակատարությունը: «Հիմնարար սկզբունքների ներկայիս տարբերակը, որը գտնվում է բանակցությունների սեղանին, մեր կարծիքով` արդար է եւ հավասարակշռված: Մենք կուզենայինք, որ կողմերն այն ընդունեին Կազանում առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասել է ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն` շեշտելով, որ հիմնարար սկզբունքները դեռ վերջնական համաձայնագիրը չեն, ընդամենը ուրվագծում են կարգավորումը:

Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Կազանում կայանալիք հանդիպմանը ղարաբաղյան հարցում առաջընթաց կարձանագրվի:

«Բանակցությունների տարբեր փուլերում Հայաստանը կամ Ադրբեջանը դեմ են արտահայտվել ներկայացված սկզբունքերին, սակայն Սոչիում կայացած վերջին հանդիպման ժամանակ մեզ հաջողվեց որոշակի առաջընթաց արձանագրել եւ այսպես ասած` բանավոր համաձայնություն ստանալ կողմերից: Մենք հուսով ենք, որ այդ բանավոր համաձայնությունը շատ մոտ ապագայում կամրապնդվի գրավոր տեսքով»,- ասել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ