News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ավտոարտադրող գիգանտ համարվող Mazda ընկերությունը նոր CX7 քաղաքային ամենագնացի (crossover) թեստ-դրայվը իրականացնում է Հայաստանում (ֆոտոռեպերտաժ)։ Հայաստանի ճանապարհներին, ինչպես նաեւ ճանապարհներից դուրս CX7-ի ուժերի փորձարկման նախաձեռնությունը «Mazda Motor Rus» ընկերությանն է։

Միջոցառմանը աջակցում է «Mazda»-ի հայաստանյան ներկայացուցչությունը՝ «Թոփ մոտորս»-ը։ Կազմակերպված միջոցառման յուրահատկությունը կայանում է նրանում, որ նոր քրոսովերի առավելություններն ու թույլ կողմերը պետք է ստուգեն մեքենաշինության ոլորտի մասին գրող ռուսաստանցի հայտնի լրագրողներ:

Իջնելով «Զվարթնոց» օդանավակայանում, նրանք ստացան իրենց հատկացված մեքենաների բանալիներն ու սկսեցին մեկամսյա շրջագայությունը։ Օդանավակայանից մինչեւ Դեբեդի ափին գտնվող հյուրանոցի ճանապարհին, հիմնականում քաղաքային երթեւեկության համար նախատեսված մեքենան, հնարավորություն ունեցավ նաեւ ցուցադրելու ամենագնացի իր «մկանները». Ալավերդիի թունելներում ճանապարհի որակը «միջնադարյան էր»։ Չնայած անծանոթ ճանապարհներին, իրենց համար անծանոթ հայաստանյան երթեւեկության անակնկալներին, ռուսաստանցիները մեքենայից այնքան էլ դժգոհ չէին։

«Մեկ ամսվա թեստ-դրայվի առաջին օրվա փորձությունը մեքենան լավ անցավ։ Դժգոհ չեմ։ Ճանապարհին իրեն լավ էր դրսեւորում, վազանցումների ժամանակ թույլ էր տալիս չլարվել, ամեն դեպքում 1.8 տոննա զանգվածով մեքենան 100 կմ/ժ արագություն է հավաքում 10,3 վայրկյանում, դա լավ ցուցանիշ է»,- NEWS.am-ի թղթակցի հարցերին պատռասխանելիս՝ նշեց 110km.ru ավտոլուրերի ինտերնետ պորտալի գլխավոր խմբագիր Անդրեյ Իվանովը։

«Ասեմ, որ ճանապարհն այնքան էլ վատը չէր, գեղեցիկ տեսարաններ շատ կային, իսկ տեղ-տեղ քանդված հատվածները ոչինչ, Մերձմոսկվայում ճանապարհներ կան, որ ընդհանրապես ահավոր վիճակում են»,- հուսադրող տոնով ասաց ռուս լրագրողը։
«За рульем-Черноземье» եւ «ZR36.ru» նախագծերի ղեկավար Եկատերինա Սոլոմենցեւայի խոսքով՝ մեքենան նոր ճանապարհային պայմաններում իրեն լավ դրսեւորեց։

«CX7-ի մասին կարող եմ ասել, որ այն «շիկահեր» աղջկա բան չէ։ Այն վարելուց հաճույք ստացող մարդկանց համար է։ Բացի դրանից, մեքենան ուղղված է միջին դասի սպառողին. քիչ է ծախսում։ Քաղաքային պայմաններում՝ 100 կմ-ի դեպքում մոտ 13 լիտր բենզինի ծախսը լավ ցուցանիշ է»,- ասաց Սոլոմենցեւան։

«Թոփ Մոտորս»-ի փոխտնօրեն Վլադիմիր Հովսեփյանի խոսքով՝ ավտոաշխարհում նշանակալի միջոցառման Հայաստանում անցկացման բանակցությունները երկար են տեւել։ «Հայաստանյան ներկայացուցչությունը երկար բանակցություններ էր վարում ռուս գործընկերների հետ։ Ի վերջո հնարավորությունը ստեղծվեց, որը համընկավ նաեւ CX7-ի Հայաստան պաշտոնական ներմուծման հետ։ «Mazda»-ի նպատակը հետեւյալն է, Հայաստանի գեղեցիկ բնության գրկում մեկ անգամ եւս փորձարկել մեքենան։ Թեստ-դրայվը նկարահանվելու է հատուկ նկարահանող խմբի կողմից։

Մեր ընկերության նպատակը այս միջոցառումով հայ ավտոսիրողին եւ սպառողին ապացուցել, որ կարող են ձեռք բերել իրենց հայրենիքում թեստ-դրայվ անցած մի մեքենա, վարել այն թե քաղաքում, եւ թե բնության գրկում, քանի որ այս մեքենան այդ հնարավորությունն ընձեռնում է»,- նշեց Հովսեփյանը՝ ավելացնելով, որ CX7-ի նոր մոդելը կվաճառվի նաեւ ապառիկ՝ 7 տարվա մարման ժամկետով։

Ըստ նրա՝ հայաստանյան թեստ-դրայվի անցկացումից հետո, ընկերությունը ցանկություն ունի այն ամենամյա միջոցառում դարձնել։ «Ներկայումս նախնական բանակցություններ են ընթանում ռուսաստանցի գործընկերների հետ Ռուսաստանում նմանատիպ միջոցառում իրականացնել հաջորդ տարի, որին ցանկանում ենք, որ մասնակցեն հայ լրագրողներ»,- ասաց Հովսեփյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ