News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանում հուլիսի 1-11-ը տեղի ունենալիք աշխարհասփյուռ հայ մասոնների  համաժողովի մասին պաշտոնական տեղեկություն ստանալու NEWS.am-ի փորձերն ապարդյուն անցան, քանի որ այն կազմակերպութունները, որոնք առնչվում են մասոնական շարժման հետ, հերքեցին իրենց կապը մասոնների հետ եւ չցանկացան որեւէ բան ասել ժողովի մասին: Ըստ մամուլի տեղեկությունների` նշված համաժողովը ավանդաբար տեղի է ունենալու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Երբ NEWS.am-ը փորձեց հյուրանոցի միջոցառումների բաժնից ճշտել, թե իրո՞ք նման հավաք նախատեսված է նշված ժամկետում, համապատասխան աշխատակիցը հրաժարվեց որեւէ տեղեկություն հայտնել: Նա մի քանի րոպե սպասեցնելուց հետո հայտարարեց, որ հյուրանոցն իր այցելուների եւ նրանց կազմակերպած միջոցառումների մասին ոչ մեկին տեղեկություն չի տրամադրում: 

Ըստ տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների` մինչ օրս Հայաստանում անդամագրված շուրջ 100 մասոններ կան, որոնք ճանաչված են համաշխարհային մասոնական կազմակերպությունների կողմից: (Հայաստանի մասոնական կազմակերպությունը կրում է Հայաստանի գերագույն օթյակ`Grand Lodge of Armenia անունը): Որպես մասոն` շրջանառվում է նաեւ «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի անունը: Պարզվում է, սակայն, որ նա կապ չունի մասոնների հետ, պարզապես կա մասոն Ահարոն անունով մեկը, ում հաճախ շփոթում են Ահարոն Ադիբեկյանի հետ:

«Ես մասոն չեմ, եւ չեմ էլ ուզում դառնալ, սակայն ունեմ ընկերներ, որոնք մասոն են եւ չեն թաքցնում, քանի որ կարծում են, որ այդպիսով ծառայում են Հայաստանին»,-ասաց Ադիբեկյանը եւ փոխանցեց «երկրորդային աղբյուրներից» ստացած իր տեղեկությունները տեղի ունենալիք համաժողովի մասին: «Հայաստանն այն երկիրն է, որտեղ մասոնական շարժումը սկսել է Կիլիկյան Հայաստանում` Տաճարականներից: Իմ տպավորությամբ` նրանք կարծես թե ուզում են վերադառնալ հայրենիք եւ Հայաստանը սարքեն էպիկենտրոններից մեկը»,- ասաց նա, հավելելով, որ մասոնական շարժման կենտրոնը Անդրկովկասում դառնում է Հայաստանը եւ եթե Վրաստանում կամ Ադրբեջանում որեւէ մասոնի վարպետի կոչում պիտի շնորհվի, ապա նա պետք է գա եւ Հայաստանում ստանա այդ կոչումը:

NEWS.am-ը խնդրեց Ադիբեկյանին` փոխանցել իր ընկեր մասոնների կոնտակտները, սակայն նա հրաժարվեց` նշելով, որ նրանց կփոխանցի գործակալության հեռախոսահամարն ու եթե նրանք հարկ համարեն` իրենք անձամբ կզանգահարեն մեզ: Զանգահարողներ, սակայն, այդպես էլ չեղան:

Մասոնական կազմակերպություն համարվող «Երեւանի Ռոտարի ակումբը» եւս  տեղեկություն չհաղորդեց տեղի ունենալիք համաժողովի մասին: Ակումբի հիմնադիրներից մեկը` Արմեն Ավետիսյանը, նշեց, որ իրենց ակումբն ընդհանրապես կապ չունի մասոնների հետ: «Ռոտարի ակումբներն ամբողջ աշխարհի մակարդակով, բացարձակապես ոչ մի կապ չունեն մասոնների հետ: Մի հին ասացվածք կա մի գիժ քարը գցում է հորը, հարյուր խելոք չեն կարողանում հանել: Այսքան բան»,-արձագանքեց Ավետիսյանը: Նա նաեւ վիրավորական համարեց մեր հարցը, թե գուցե տեղյա՞կ է եւ ինչ որ բան հաղորդի տեղի ունենալիք համաժողովի մասին:

NEWS.am-ին, այնուամենայնիվ, հաջողվել է տարբեր իրազեկ աղբյուրներից տեղեկանալ մասոնական համաժողովի օրակարգի մասին, որում ի թիվս մի քանի տեխնիկական հարցերի, ներառված է նաեւ ԼՂ հարցի շուրջ վերջին մեկ տարվա զարգացումների քննարկումը:

«Նախատեսված է France-Armenie Lodge No.2 օթյակի ներկայացուցչության եւ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի ելույթի լսումը Ղարաբաղի հարցի շուրջ»,-հայտենց մեր աղբյուրը: Օրակարգում է նաեւ գործող իշխանությունների պաշտոնավարմանը գնահատական տալեւ հարցը:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումենրի, մասոնները աշխատանք են տանում Երեւանում Մասոնական տաճարի կառուցման համար հող հատկացնելու ուղղությամբ:  Մասոնական հավաքատեղին նախատեսված է  կառուցել Վահագնի թաղամասում:

Մասոնությունը կրոնա-քաղաքական շարժում է, որն առաջացել է XVIII դարում որպես հատուկ առաքելությամբ միջազգային գաղտնի կազմակերպություն: Մասոնական օթյակների (լոժաների) անդամներ են եղել պատմությանը շատ հայտնի եւ տաղանդավոր մարդիկ։ Ինչպես հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, արքաներ, այնպես էլ նկարիչներ, ճարտարապետներ եւ երգահաններ։ Պատմությանը հայտնի են շատ դեպքեր երբ այդ շարժումը հետապնդվել է տարբեր պետություններում, իսկ շարժման մասնակիցները հալածանքների են արժանացել։

Ներկայումս մասոնությունն ամբողջ աշխարհում ունի շուրջ հինգ միլիոն անդամ: Մասոնական օթյակներ կան աշխարհի բազմաթիվ երկրներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ