News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մինչ Կազանում կայացած նախագահների հանդիպումը մեկնաբանելը, դիվանագիտական խողովակներից  պետք է սպասել բանակցությունների մանրամասներին: Այդ մասին Turan գործակալությանն ասել է Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը` մեկնաբանելով  հունիսի 24-ին Կազանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը:

Միաժամանակ աղբյուրը նշել է, որ «անկասկած, հիասթափեցնում է», որ հանդիպումն ավարտվեց առանց համաձայնագրի ստորագրման:

Կողմերի քննարկումները տեւել են ավելի քան  3 ժամ, սակայն ամենակարեւոր հարցերի շուրջ կոնսենսուսի գալ չի հաջողվել: Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկություններով` սեղանին մի փաստաթուղթ է, որը կողմերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ աշխատանքի կարեւոր փուլի արդյունքն է: Այդ փաստաթուղթը, ըստ ԱԳ նախարարության, իրական հիմք է հետագա առաջխաղացման  եւ համապարփակ  Խաղաղ համաձայնագրի նախապատրաստման համար:

Նշենք, որ հունիսի 24-ի հանդիպման արդյունքներով ընդունվել էր հետեւյալ հայտարարությունը.

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահների համատեղ հայտարարությունը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները 2011թ. հունիսի 24-ին հանդիպեցին Կազանում եւ դիտարկեցին իրենց հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնական սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքի ընթացքը:

Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները երախտագիտություն հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրանց մշտական ուշադրության համար եւ բարձր գնահատեցին պայմանավորվածությունների ձեռքբերմանն օժանդակելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը»:

Փորձագետների գնահատմամբ, գագաթաժողովը չի կարելի տապալված համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ