News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի տրամադրության տակ եղած հակաօդային պաշտպանության ռուսաստանյան С-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրը «ոչնչով չի ազդելու հայ-ադրբեջանական ռազմական փոխդասավորվածության վրա»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Առկա ռազմական փոխդասավորվածության վրա այդ համալիրը ոչնչով չի ազդելու եւ Ադրբեջանին որեւէ ռազմավարական առավելություն չի տալիս»,- ասել է Տոնոյանը` հավելելով. «Ինչ վերաբերում է, օրինակ, Ադրբեջանի կողմից հավանական ռազմական գործողությունների վերսկսմանը, ապա այդ դեպքում, կարծում եմ, Ադրբեջանը պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունները վարել նաեւ սեփական տարածքում, որոնց ժամանակ С-300 համալիրը դժվար թե էական աջակցություն ցուցաբերի»:

Նշված համալիրը, հիշեցնենք, ցուցադրվել է անցած կիրակի` Ադրբեջանի զինված ուժերի օրը, Բաքվում կայացած զորահանդեսում: Այդ զինատեսակները Բաքուն գնել էր Ռուսաստանից` 300 միլիոն դոլարով:

«Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության տեսանկյունից Ադրբեջանին C-300 համալիրի վաճառքը ձեռնտու կոմերցիոն գործարք է: Այդ հարցը անտեղի քաղաքականացվում է եւ, առաջին հերթին` Ադրբեջանի կողմից»,- նշել է Տոնոյանը` պարզաբանելով. «Բուն ռազմական տեսանկյունից այդ համալիրը չի սպառնում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը այն պարզ պատճառով, որ դա հակաօդային պաշտպանության համալիր է եւ կրում է պաշտպանական բնույթ: Իսկ ոչ Հայաստանի Հանրապետությունը եւ ոչ էլ Լեռնային Ղարաբաղը չեն պատրաստվում ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ»:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը սկսել է ձեռք բերել պաշտպանական բնույթի սպառազինություն. «Միեւնույն ժամանակ, տվյալ համալիրի ձեռքբերումը եւ այդ հարցի շուրջ քաղաքական շահարկումները վկայում են, որ մեր հարեւանը հարձակողական տեսակների սպառազինությունից անցում է կատարել պաշտպանողական սպառազինության տեսակներ ձեռք բերելուն, ինչը նույնպես խորհելու տեղիք է տալիս: Հայաստանը նույնպես ունի նման համալիրներ, որոնք լիովին համապատասխանեցված են մեր պայմաններին եւ այսօր մարտական հերթապահություն են իրականացնում: Ի տարբերություն Ադրբեջանի, մեր համալիրները ծածկում են հավանական ռազմական գործողությունների ողջ օդային տարածքը եւ իրենց քանակական եւ որակական տվյալներով շատ ավելի մեծ կարողություններ ունեն: Ուստի C-300 համալիրների առկայության փաստը պետք է անհանգստացնի ռազմական գործողությունների սպառնալիքի դիրքերից հանդես եկող Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանին»:

Խոսելով այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը` ի պատասխան Ադրբեջանի կողմից սպառազինության ձեռքբերմանը, Դավիթ Տոնոյանը նկատել է. «Հայաստանը ուղղակի հետեւողականորեն զարգացնում է իր զինված ուժերը, համապատասխանեցնում ժամանակակից պահանջներին, մեր պետության առջեւ ծառացած ռազմական անվտանգության խնդիրների արդյունավետ լուծմանը: Ուստի մենք առաջնորդվում ենք ոչ թե հակառակորդի կոնկրետ քայլերին հակաքայլերի սկզբունքով, այլ ցուցաբերում ենք առավել համակարգային եւ խորքային մոտեցում: Հայաստանում ավարտվել է Պաշտպանության ռազմավարության վերանայման գործընթացը, որի հիման վրա իրականացվում է ՀՀ Զինված ուժերի զարգացման ծրագիրը: Այն նախատեսում է խելացի պաշտպանություն եւ ժամանակակից պատերազմ վարելու կարողություն»:

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությանը` ղարաբաղյան հարցը ուժային տարբերակով լուծելու մասին. «Կարծում եմ, որ այդ հայտարարությունները առավելապես քաղաքական են, քանի որ մեր հարեւանը նույնպես տեղյակ է մեր իրական հնարավորությունների մասին: Այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը ինքնախաբեությունից դրդված` ռազմական գործողություններ սկսի, նրա կողմից ռազմավարական կամ օպերատիվ հաջողությունների հասնելը գրեթե բացառում եմ: Նոր պատերազմը միայն կհանգեցնի նոր զոհերի եւ ավերածությունների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ