News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ուկրաինա այցելության շրջանակում հուլիսի 2-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունից՝ ի պատիվ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ընթրիք:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ընդունելության ժամանակ եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ուկրաինական կողմին ջերմ ընդունելության համար եւ գոհունակություն հայտնել այցի արդյունքներից: Նա նշել է, որ Հայաստանում երախտագիտությամբ են հիշում Վիկտոր Յանուկովիչի անձնական մեծ ներդրումը Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման գործում: Այդ պատճառով, այսօր իր համար մեծ հաճույք էր Ուկրաինայի նախագահին՝ Հայաստանում խորապես հարգված Վիկտոր Ֆյոդորի Յանուկովիչին հանձնել ՀՀ բարձրագույն պետական պարգեւը՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը:

Ուկրաինայի նախագահի հրամանագրով, նախագահ Սերժ Սարգսյանն արժանացել է Ուկրաինայի բարձրագույն պետական պարգեւի` Իշխան Յարոսլավլ Իմաստունի առաջին աստիճանի շքանշանի: Նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ ՀՀ նախագահին է հանձնել պարգեւը:

Պաշտոնական ընթրիքի ժամանակ Հայաստանի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաեւ հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին կապող ընդհանուր արժեքներին եւ այն մշակութային ժառանգությանը, որի շնորհիվ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ հարաբերություններն ավելի են ամրապնդվում:   Նրա խոսքով, Այվազովսկուց ու Սուրենյանցից մինչ Փարաջանով ու Ռոման Բալայան, հայ-ուկրաինական հարաբերությունների անցյալը, ներկան եւ ապագան ամրապնդվում են մարդկային սրտերի ջերմությամբ եւ խորը փոխադարձ հարգանքով:

Խոսելով իր պաշտոնական այցի արդյունքների մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ դրանք եւս մեկ անգամ հաստատեցին հայ-ուկրաինական հարաբերությունները որակապես նոր բարձր մակարդակ տեղափոխելու փոխադարձ ցանկությունը: «Վստահ եմ, որ այս այցը եւս կօգնի մեզ նոր հորիզոններ, նոր սահմաններ բացել Հայաստանի ու Ուկրաինայի համագործակցության համար եւ՛ տնտեսության, եւ՛ քաղաքականության մեջ, լրացուցիչ հնարավորություններ կընձեռի անմիջական մարդկային շփումների համար, կամրապնդի բարեկամության եւ փոխադարձ հարգանքի ավանդույթները»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօր Կիեւում Հայաստանի նախագահն այցելել է Ուկրաինայի գրականության ազգային թանգարան, որտեղ ներկա է գտնվել հայ անվանի գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը: Հանրապետության ղեկավարն այնուհետեւ այցելել է Կիեւո-Պեչերսկայա Լավրա, որից հետո հանդիպում է ունեցել Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն ավարտելով պաշտոնական այցը Ուկրաինա՝ վերադարձել է Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ