News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (ՊԽԼԻ) հուլիսի 13-15-ին «Հարեւաններ» նախագծի շրջանակներում կազմակերպում է հայ-ադրբեջանական համատեղ լրագրողական այցելություն դեպի Վրաստան: Նախագծի նպատակն է բացահայտել Վրաստանի երկու շրջաններում` Քվեմո Քարթլիում եւ Սամցխե-Ջավախքում, ապրող ազգային փոքրամասնությունների` հայերի եւ ադրբեջանցիների խնդիրները:

«Հարեւաններ» նախագծի նպատակն է վերացնել հաղորդակցության պատնեշները, տարածաշրջանում ստեղծել «ընդհանուր տեղեկատվական տարածք»` օբյեկտիվ լրատվության իրականացմանը խոչընդոտող տարաձայնությունները եւ նախապաշարմունքները վերացնելու համար:

Հայաստանից եւ Ադրբեջանից 30 երիտասարդ լրագրողներ արդեն իսկ մասնակցել են ՊԽԼԻ նախապատրաստական դասընթացներին հետեւյալ թեմաներով` բլոգինգ, լրագրության միջազգային չափանիշներ, հակամարտությունների լուսաբանում, մարդու իրավունքներ: Դասընթացների արդյունքում` հայ եւ ադրբեջանցի երիտասարդ լրագրողների համատեղ ջանքերով օբյեկտիվության եւ արդիականության բարձր չափանիշներին համապատասխան գրված հոդվածների հիման վրա 12 ներդիրներ են տպագրվել շուրջ 10 000 ընթերցող ունեցող հայկական եւ ադրբեջանական առաջատար թերթերում:

Վրաստան կատարվող այցելության շրջանակներում լրագրողները կմասնակցեն դասընթացների, կհանդիպեն տեղական կառավարական պաշտոնյաների, վերլուծաբանների, փորձագետների, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների խնդիրների ոլորտում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

Այնուհետեւ լրագրողները համատեղ կաշխատեն հոդվածների պատրաստման վրա, որոնք կտպագրվեն ինչպես նրանց լրատվամիջոցներում, այնպես էլ ՊԽԼԻ կողմից հրապարակվող համատեղ ներդիրներում:

«Հարեւաններ» նախագիծը ներկայում իրականացվում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ