News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Վրացական «Սամխրեթիս կարիբջե» պարբերականը Հայաստանի  Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նախարարության նպատակներին, ինչպես նաեւ նախարարության կողմից վիրահայերի հետ տարվող աշխատանքներին:

Ի՞նչ հիմնական նպատակներ է հետապնդում նախարարությունը:

Թեեւ մեր նախարարությունը դեռ շատ երիտասարդ է, այնուամենայնիվ, այն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք արդեն ավանդույթ են դարձել: Ուզում եմ առանձնացնել «Մեր մեծերը» ծրագիրը, որի միջոցով երիտասարդներին ծանոթացնում ենք մեր մեծերի կյանքին եւ գործունեությանը, ինչպես նաեւ «Արի տուն» ծրագիրը: Կարեւոր է «Հայերն այսօր» կայքէջը, որը վերածվել է հայկական պարբերականի:

Ինչպե՞ս եք համագործակցում Վրաստանում բնակվող հայերի հետ:

Մենք պետք է շարունակենք հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները: Ախալքալաքում բնակվող հայերը կազմակերպված եւ միասնական են: Օրինակ, Ջավախքում Ջիվանի օրվան նվիրված միջոցառմանը Սփյուռքի նախարարությունը եւս ակտիվ մասնակցություն ունեցավ: Մենք Վրաստանի հետ միշտ համագործակցության մեջ ենք գտնվում, քանի որ այնտեղ մեր ծրագրերն ավելի հեշտ են իրագործվում:

Ի՞նչ դերակատարություն ունի Սփյուռքի նախարարությունը հայ-վրացական հարաբերություններում:

Սփյուռքի նախարարությունը հայ-վրացական հարաբերություններին չի խառնվում: Այդ գործով զբաղվում են երկու երկրների ԱԳ նախարարությունները:

Այդ դեպքում, կոնկրետ, Սփյուռքի նախարարությունն ի՞նչ ծրագրեր է իրականացնում Ջավախքում:

Առաջին հերթին մենք իրականացնում ենք դպրոցների համակարգչայնացման, մշակութային խմբավորումների համար հայկական ազգային տարազներով ապահովման, ինչպես նաեւ  մշակութային խմբավորումների Ջավախք այցելության ծրագրերը: Օգնում ենք հասարակական կազմակերպություններին, պարբերականներին եւ հեռուստաընկերությանը: Ջավախքը միշտ գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Ինչ վերաբերում է կրթական ծրագրերին, ապա մենք ձգտում ենք ջավախահայերին նույնպես ներգրավել ծրագրերում եւ օգնել: Մենք Ջավախքը որպես սփյուռք  չենք ընկալում: Ավելին` «Հայերն այսօր» կայքէջի օգնությամբ ձգտում ենք հայկական սփյուռքին տեղեկացնել Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների եւ դժվարությունների մասին: Այսպիսով Սփյուռքի նախարարությունը էլեկտրոնային միջնորդ լինելով, փորձում է ներկայացնել ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը: 

Վրաստանում Ձեր ծրագրերի իրականացման համար որեւէ խոչընդոտներ առաջանո՞ւմ են, թե` ոչ:

Մենք պետք է հարգենք եւ պաշտպանենք վրացական օրենքները եւ հայկական ծրագրերը պետք է իրականացնենք առանց վրացական օրենքների խախտման: Իսկ եթե որեւէ խնդիր է առաջանում, ապա դիմում ենք Ջավախքի ղեկավարությանը,  բացի այդ մենք սերտ կապի մեջ ենք Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Համլետ Մովսեսյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ