News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Մոտավորապես երկու ամիս հետո մենք  կտոնենք Ադրբեջանի անկախության 20-ամյակը: Այն ժամանակ շատերը վստահ էին, որ մեր պետությունը կդառնա տարածաշրջանի ամենազարգացած եւ հարուստ երկիրը: Մեր բնական հարստությունները եւ ներուժը այդպես մտածելու հիմքեր էին տալիս: Սակայն 20 տարի անց տեսնում ենք, որ այդ հույսերը խեղդվեցին եւ առկա հնարավորություններից էլ զրկվեցինք»,- այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` ներկայացնելով ադրբեջանական «ձեռքբերումները» նախորդ 20 տարիների ընթացքում:

«Ազադլըգ»-ը մասնավորապես անդրադառնում է Ալիեւների վարած քաղաքականությանը եւ արձանագրում, որ նավթադոլարները գերազանցապես ծախսվել են անիմաստ եւ անտեղի: Այսպես, բոլորովին անհասկանալի պատճառներով, Ադրբեջանում առկա են Հեյդար Ալիեւին նվիրված 100-ից ավելի թանգարաններ, մշակութային կենտրոններ եւ հուշակոթողներ: Տարբեր տեղեկությունների համաձայն, այդ ամենի համար ծախսվել են միլիարդավոր մանաթներ: Բայց դա դեռ վերջը չէ, քանի որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են հսկայական միջոցներ հատկացնել Հեյդար Ալիեւի հիշատակը անմահացնող հուշարձանների կառուցման համար:

Մինչդեռ իրականում Ադրբեջանում նման ծանր իրադրություն ստեղծվեց Հեյդար Ալիեւի` անկախացած պետության քաղաքական կյանքում ի հայտ գալուց հետո, գրում է «Ազադլըգ»-ը եւ նշում, որ նավթային միջոցները կարող էին ծախսվել երկրի զարգացման համար, օրինակ սկիզբ դրվեր դպրոցական շենքերի շինարարությանը: Պաշտոնական վիճակագրությամբ, շենքերի սակավության պատճառով ադրբեջանցի աշակերտների 50 տոկոսը ստիպված է երկրորդ եւ նույնիսկ երրորդ հերթով դասի գալ: Ծանր իրադրություն է ստեղծվել պետության կրթական ամբողջ համակարգում, քանզի դա պետության կողմից նվազագույն ուշադրության է արժանանում:

«Այս ամենի արդյունքում այսօր երկրում առկա քաղաքական վարչակարգի պատճառով Ադրբեջանը դասվել է Մերձավոր Արեւելքի նավթային ավտորիտար պետությունների շարքին»,-եզրակացնում է «Ազադլըգ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ