News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության շտաբում, սեպտեմբերի 25-ին, «Քաղաքացիական շարժում» նախաձեռնողական խմբի կազմակերպության հետ համատեղ կոնֆերանս է անցկացվել` նվիրված Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում ստեղծված իրադրությանը, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:

Նախաձեռնողական խմբի համակարգող Իբրահիմ Իբրահիմլին իր ելույթում նշել է, որ եթե ամբողջ աշխարհը առաջ է գնում, ապա Ադրբեջանը հետընթաց է ապրում: «Աշխարհում ժողովրդավարական տարբեր մոդելներ են կիրառվում, իսկ Ադրբեջանը միջնադարում է մնացել: Ադրբեջանի Սահմանադրությունը փորձում է միապետություն կառուցել: Մեր երկրում դինաստիական վարչակարգ է գործում»,- ասել է նա:

Ավելի ուշ Իբրահիմլին անդրադարձել է Նախիջեւանի դրությանը եւ արձանագրել. «Հեյդար Ալիեւն իշխանության գալու համար Նախիջեւանն օգտագործեց որպես հարթակ: Այսօր Իլհամ Ալիեւը Նախիջեւանը դարձրել է քաղաքական փորձադաշտ: Փորձարկումներ է անում այնտեղ, որ հետո դրանք կիրառի ամբողջ Ադրբեջանում: Այնտեղ մամուլի ազատություն չկա, իրավապաշտպանները չեն կարող գործունեություն ծավալել, թերթերի հրապարակումները եւս արգելվում են, իսկ ինտերնետի օգտագործումը` սահմանափակվում»:

Կոնֆերանսի ժամանակ ելույթ է ունեցել Նախիջեւանում գործունեություն ծավալած իրավապաշտպան Մելահեթ Նասիբովը եւ անդրադարձել բնակչության թվաքանակի կտրուկ նվազման հարցին: «Պաշտոնական վիճակագրությամբ Նախիջեւանը 450 հազար բնակիչ ունի, սակայն ես փաստում են, որ այսօր այնտեղ 120-130 հազար բնակիչ կա: Բնակչության մեծամասնությունը Թուրքիա է հեռանում»,-ասել է նա:

«Նախիջեւանում դրությունը փոխելու համար, պետք է ամբողջ երկրում ստեղծված իրավիճակը, առկա վարչակարգը փոխել: Ժողովրդական ապստամբություն պետք է կազմակերպել: Դրանից հետո Նախիջեւանում եւս դրությունը կշտկվի»,-ասել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար տեղակալ Ասաֆ Գուլիեւը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում ստեղծված իրադրությունը հետազոտելու եւ խնդիրների լուծման համար ուղիներ գտնելու նպատակով Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության Նախաձեռնողական խումբը դիմել էր ադրբեջանական հասարակությանը:

Հայտարարության մեջ ասված էր. «Մեր ինքնավար տարածքը մեզանից վանում ենք, կարծես մոռացել ենք այն, մեր եղբայրներին եւ քույրերին բախտի քմահաճույքին ենք թողել: Տարրական օրենքները եւ կանոնները այնտեղ չեն հարգվում: Այնտեղ յուրաքանչյուր շրջան իր խանը, իր հրամանատարը, իր առաջնորդն ունի»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ