Ջավախքահայ գործիչ Վահագն Չախալյանը, ով վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման եւ ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավի համար 6 խիստ ռեժիմի բանտում, հոկտեմբերի 5-ին անժամկետ հացադուլ է սկսել: Այս մասին նա հեռախոսով տեղեկացրել է «Երկիր» միությանը:
Վահագն Չախալյանը դիմել է հացադուլի, ի նշան բողոքի` «իր նկատմամբ սահմանված անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող բանտային պայմանների դեմ»: Նա պահանջում է դադարեցնել «անօրինական ճնշումները» եւ բարելավել բանտային պայմանները:
Վահագն Չախալյանը նաեւ տեղեկացրել է, որ հակառակ իր պահանջների, բանտի ադմինիստրացիան հրաժարվում է գրանցել հացադուլի փաստը:
Նշենք, որ դեռեւս սեպտեմբերի 14-ին, Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ վերջին շրջանում վրացական իշխանությունները ուժեղացրել են ջավախքահայ գործչի նկատմամբ բանտային ճնշումները, այդ թվում` նաեւ բանտային պայմանների էական խստացման միջոցով: