Անօդաչու թռչող սարքը կրկին գրոհել է Իրաքի արեւմտյան Անբար նահանգում գտնվող Այն-էլ-Ասադ ամերիկյան ռազմակայանը։ Այս մասին տեղեկացրել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Հարվածի պատասխանատվությունը ստանձնել է ՀԱՄԱՍ արմատական շարժման իրաքյան մասնաճյուղը։ Անօդաչուն խոցել է թիրախները, վնասի կամ մարդկային կորուստների մասին տեղեկություն առայժմ չի հայտնվել։
Հոկտեմբերի 22-ին, ինչպես տեղեկացրել էին արաբական լրատվամիջոցները, «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման մեջ մտնող շիա զինված ջոկատի մարտիկները գրոհել էին Այն-էլ-Ասադ ռազմակայանը՝ դրա վրա արձակելով մի քանի հրթիռներ։ Հոկտեմբերի 19-ին եւ 20-ին Այն էլ-Ասադ ռազմակայանը ենթարկվել էր անօդաչուների հարձակումներին։ Հոկտեմբերի 20-ին հետ է մղվել երկու անօդաչուների գրոհը Հարիր օդանավակայանի դեմ Էրբիլի մերձակայքում (425 կիլոմետր հեռու Բաղդադից)։ ՀՕՊ իրաքյան միջոցներին հաջողվել է նաեւ խփել այդ անօդաչուներից մեկին ամերիկյան Քեմփ Վիկտորիա ռազմակայանում, որը գտնվում է Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում։
Ավելի վաղ շիա ջոկատի մարտիկները ԱՄՆ-ից պահանջել էին դուրս բերել իրենց զինծառայողներին Իրաքից եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներից։ Հայտարարությունում ընդգծվել էր, որ «ամերիկյան զորքերը պետք է անհապաղ հեռանան տարածաշրջանից, այլապես նրանց ռազմակայանները մշտապես կենթարկվեն հարձակումների»։