Ես վերջին անգամ չէ, որ կանգնած եմ խորհրդարանի ամբիոնին, բայց առաջին անգամ այս ամբիոնին եմ որպես ԵՄ թեկնածու երկրի նախագահ։ Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում ամենամյա հաշվետվությունը ներկայացնելիս, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։
Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ 2023-ը առանց մարտահրավերների եւ դժվարությունների չի անցել։
Նախագահի խոսքով՝ մարտահրավերները վերաբերել են նաեւ անվտանգության ոլորտին, երբ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին զուգահեռ, Ռուսաստանը հիբրիդային պատերազմի նոր գրոհ է սկսել Վրաստանի դեմ։
«Ռուսաստանի ծրագիրը՝ Օչամչիրի նավահանգիստը ռազմակայանի վերածելու մասին, ծառայում է առճակատումը Սեւ ծով, մեր տարածքային ջրեր տեղափոխելուն եւ դրանով իսկ սպառնալիք է ստեղծում Սեւ ծովի ռազմավարական հեռանկարի համար։
Օկուպացված տարածքներում զորակոչ հայտարարելով, անեքսիայի (Օչամչիրի նավահանգստի, Բիչվինտի պետական նստավայրի եւ Սուխումի Բաբուշերի օդանավակայանի զավթում) քայլեր ձեռնարկելով, մարդու իրավունքները քամահրելով, մշակույթն ու ինքնատիպությունը ոչնչացնելով։
Օկուպացիայի գծում շարունակվում են մշտական ահաբեկումները, հետապնդումները, բնակչության առեւանգումներն ու սպանությունները։
Պետության մասշտաբով տեղի է ունենում հակաարեւմտյան եւ կեղծ քարոոզչություն, ռուսամետ խմբավորումների խրախուսում/ֆինանսավորում, կիբեռգրոհների հաճախակիացում պետական ինստիտուտների դեմ՝ ակնարկ, թե ինչ պետք է սպասել ընտրություններից։ Հիբրիդային պատերազմին է վերաբերում զանգվածային ռուսական իմիգրացիան, որը ուղիղ ազդեցություն է գործել տնտեսության վրա եւ ավելացրել երկրի կախումը ռուսաական փողերից եւ շուկաներից, ինչպես նաեւ երկրում ռուսական կապիտալից։ Հիբրիդային ռազմավարությունը հիմնված է մի շարք սադրանքների վրա՝ թռիչքների վերականգնում, ԱԴԾ բարձրաստիճան պաշտոնյաների անխոչընդոտ մուտք, ռուսական զբոսանավ Բաթումում, Ստալինի սրբապատկերը Սուրբ Երրորդության տաճարում։ Այս ամենը ուղղված է ատելության հրահրմանը, առճակատմանը եւ ապակայունացման սպառնալիքին հասարակությունում»,- նշել է Զուրաբշվիլին։