News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ուրախ ենք հայտնելու, որ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունն ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) բազմաոլորտ համագործակություն են սկսում Հայաստանի 7 մարզ ընդգրկող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրի շրջանակում։

Համագործակցությունը մեկնարկեց ապրիլի 10-ին՝ Կոտայքի մարզի երկու ուսումնական հաստատությունում՝ Հրազդանի Հ. Օրբելու անվան թիվ 13 և Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցներում համակարգիչներով վերազինված լաբերի բացման հանդիսավոր արարողությամբ, որոնք նվիրաբերվել են «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության կողմից։

Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Արտաքին կապերի հարցերով պատասխանատու Անահիտ Թունյանը։ «Հասարակության պատասխանատու անդամ և Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկը լինելով՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ  Արմենիա» ընկերությունն իր պարտքն է համարում նպաստել երիտասարդների, հատկապես մարզերում բնակվողների կրթության հնարավորությունների ընդլայնմանը։  Մեր  ընկերության դերը կրթության զարգացման հարցում բավական մեծ է և ակնկալում ենք, որ, նորարական կրթական նախաձեռնություններին աջակցելով, հնարավորություն կընձեռենք մասնակիցներին բացահայտելու, զարգացնելու և իրացնելու իրենց ներուժը»,- նշեց նա։                  

Արհեստական բանականության հնարավորությունները «ԱԲ սերունդ»-ի աշակերտներին ներկայացրեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Որակի, անվտանգության և շրջակա միջավայրի կառավարման ղեկավար Վահան Ստեփանյանը՝ զրուցելով աշակերտների հետ «Արհեստական բանականության կիրառումը սննդի արտադրություն և առաքման ծառայություններում» թեմայով:

FAST-ի Կրթական ծրագրերի պատասխանատու Անուշ Այվազյանն էլ պատմեց ծրագրի նպատակի և ընթացքի մասին․ «ԱԲ սերունդ»-ը բազմաշերտ ու համապարփակ կրթական ծրագիր է, որի նպատակն է ստեղծել Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտողի և նորարարի ողջ կրթական ուղին՝ դպրոցից մինչև բուհ։ Ծրագրի առաջին՝ դպրոցական բաղադրիչի փորձարկման փուլը մեկնարկել է 2023 թվականի սեպտեմբերին՝ ընդգրկելով Հայաստանի 7 մարզի 15 ավագ դպրոց և ավելի քան 350 աշակերտ: Ծրագիրն իրականացնում է FAST-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ»։

Սա երկու կառույցների միջև գործակցության միակ բաղադրիչը չէ: FAST-ի ներկայացուցիչները պատմեցին առաջիկայում սպասվող այլ համատեղ նախաձեռնությունների մասին: Մասնավորապես, ծրագրի մասնակից բոլոր դպրոցների համար ծրագրված են մասնագիտական կողմնորոշմանը և կարողությունների զարգացմանը միտված շատ նախաձեռնություններ և մրցույթներ՝ ընդգրկելով շուրջ 4000 սովորողի: Լավագույն արդյունքը գրանցող աշակերտները հնարավորություն կունենան այցելել  «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Երջանկության գործարան։ Սա թույլ կտա սեփական փորձով բացահայտելու այն ոլորտները, որոնք արդեն իսկ կիրառում են արհեստական բանականությունը և պատկերացում կազմելու ԱԲ-ի մասնագետների աշխատանքի կարևորության մասին։

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունն արդեն 28 տարի է, ինչ գործունեություն է ծավալում տեղական շուկայում՝ լինելով ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը։ Հաջողակ բիզնես գործունեության շնորհիվ Հայաստանի տնտեսությունում ունեցած ներդրումից բացի, «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան» հայտնի է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լայնածավալ գործունեությամբ, մասնավորապես թափոնների արդյունավետ կառավարման, երիտասարդների զարգացման և համայքների բարեկեցության ոլորտներում։ Ընկերության կողմից իրականացվող «Երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում 2018-2023թթ․ վերապատրաստվել են շուրջ 35000 երիտասարդ։

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու առաքելությամբ: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: Իր գործունեության վեց տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 12 հազար շահառուի համար։

D.jpg (42 KB)

IMG_0056.jpg (136 KB)

IMG_0309.jpg (194 KB)

IMG_0422.jpg (170 KB)

IMG_9287.jpg (112 KB)

IMG_9348.jpg (135 KB)

IMG_9582.jpg (119 KB)

IMG_9916.jpg (175 KB)

MAIN2.jpg (148 KB)

Տպել
Ամենաշատ