News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բնակարանների գների նվազման միտումը Հայաստանում շարունակվում է: Ընթացիկ տարվա հոկտմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բնակարանների մեկ քմ-ի միջին շուկայական գինը նվազել է 9,2 հազար դրամով կամ 3,5 տոկոսով` հասնելով 256,7 հազար դրամի ($681):  Երեւանյան միջին բնակարանը 63,1 քմ է, որի միջին գինը հոկտեմբերին 16,8 միլիոն դրամ էր ($43,000):

Ամենաթանկը Կենտրոն համայնքի բնակարաններն են: Հոկտեմբերին այստեղ մեկ քմ բնակտարածքի գինը միջին քաղաքային ցուցանիշը գերազանցում էր 1,7 անգամ: Անցած տարվա հոկտեմբերին տվյալ ցուցանիշը 1,68 էր:

Կենտրոն համայնքում «միջին» բնակարանի գինը 28,2 միլիոն դրամ է ($73,1 հազար): Մեկ տարում քմ-ի գնի անկումը եղել է 11,5 հազար դրամ:

Ամենաէժանը Նուբարաշենի բնակարաններն են: Այստեղ շուկայական միջին գինը 9,4 միլիոն դրամ է ($23,5 հազար): Մեկ տարում այս համայնքում գնանկումը եղել է 8,9 հազար դրամ:

Կենտրոնից հետո ամենաթանկն Արաբկիրի բնակարաններն են` 23,1 միլիոն դրամ ($57,3 հազար): Այս համայնքում մեկ քմ բնակտարածքի գինը միջին քաղաքային ցուցանիշը գերազանցում է 1,3 անգամ:

Կենտրոնից եւ Արաբկիրից բացի միջին քաղաքայինից գինը բարձր է նաեւ Քանաքեռ-Զեյթունում` 1,04 անգամ: Այս համայնքում միջին չափի բնակարանի գինը 17,6 միլիոն դրամ է ($44,5 հազար): Այստեղ մեկ տարում բնակարանի քմ-ի գինը նվազել է 12,9 հազար դրամով:

Դավիթաշենում բնակարանի քմ-ն էժանացել է 15,2 հազար դրամով: «Միջին» բնակարանի գինը 16,9 միլիոն դրամ է ($42,4 հազար): 

Ամենացածր գները Մալաթիա-Սեբաստիա եւ Նոր Նորք համայնքներում են` համապատասխանաբար 14,7 միլիոն դրամ եւ 14,4 միլիոն դրամ  

Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Երեւանում կնքվել է բնակարանի առք եւ վաճառքի ավելի քան 6,8 հազար գործարք: Մարզերում այդ ցուցանիշը մի քանի անգամ ցածր է: Ամենաբարձր ցուցանիշը եղել է Կոտայքում` ավելի քան 800 եւ Լոռիում` մոտ 600:

Էջմիածնում բնակարանի միջին գինը կազմում է մայրաքաղաքային միջին գնի 55 տոկոսը: Մարզերում եւս համեմատության համար վերցնում ենք 63,1 քմ ունեցող բնակարան: Երեւանից 20 կմ հեռավորության գտնվող Էջմիածնում միջին գինը 8,9 միլիոն դրամ է` Նուբարաշենի գնից 500 հազար դրամ քիչ:

Մայրաքաղաքից 16 կմ հեռավորության վրա գտնվող Աբովյանում միջին գինը 9 միլիոն դրամ է, Գյումրիում` 6,5 միլիոն, Վանաձորում` 5,5 միլիոն:

Բարձր են գները Ծաղկաձորում եւ համեմատելի են Երեւանի ծայրամասերի գների հետ` 12,8 միլիոն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ