News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է 2008թ. փետրվարին աշխատանքից ազատված ԱԳՆ չորս աշխատակիցների հայցի ուսումնասիրությունը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց դիվանագետների լիազոր-ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը` հավելելով, որ կոմունիկացիայի նամակն ուղարկվել է նոյեմբերի 29-ին:

Հայցը մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել ԱԳՆ լրատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանը, Ամերիկայի ու Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանը եւ Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանը, որոնց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ազատել էր աշխատանքից, երբ վերջիններս իրենց վրդովմունքն էին հայտնել նախագահական ընտրությունների եւ հետընտրական իրադարձությունների կապակցությամբ: Նրանք ՄԻԵԴ ներկայացված դիմումով պահանջում են ճանաչել իրենց իրավունքի խախտումն ու արդարացի փոխհատուցում վճարել:

Վահե Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը մինչեւ 2012թ. մարտի 15-ը ժամանակ ունի իր հիմնավորումները ներկայացնելու համար:

Ըստ փաստաբանի, Վարդան Օսկանյանի հրամանը ազատ արտահայտվելու իրավունքի ուղղակի խախտում է եղել: «Այսինքն, այն իրավաչափ սահմանափակումները, որ կան դիվանագետների համար, այդ չորս անձի կողմից չեն խախտվել: Վարդան Օսկանյանը  իր հրամանով ընդամենը անցել է լիազորությունների սահմանները եւ այդ անձանց նկատմամբ պետության անունից միջամտություն է դրսեւորել առանց հիմքի»,- նշել է փաստաբանը: Վահե Գրիգորյանը նաեւ դիվանագետների կողմից խախտում չի համարում այն, որ հայտարարությունն ընթերցվել է Ազատության հրապարակում, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքում: «Նրանք որեւէ ուժի աջակցություն չեն հայտնել: Դա ուղղակի արտգործնախարարի ենթադրությունն է եղել: Հետագայում այդ ենթադրությունը վճռով է արձանագրվել»,- ասաց Վահե Գրիգորյանը` հավելելով, որ չորս դիվանագետների հայցը մերժվել էր Վարչական դատարանում` դատավոր Հովսեփ Բեդեւյանի կողմից:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ՄԻԵԴ-ից, փաստաբանը պատասխանեց. «Ինձ թվում է` կճանաչի իրավունքի խախտումը եւ արդարացի փոխհատուցման որոշում կկայացնի»:

Նշենք, որ ԱԳՆ չորս աշխատակիցները Վարդան Օսկանյանի  հրամանը բողոքարկել էին Վարչական դատարանում, սակայն Հովսեփ Բեդեւյանը 2008թ. մայիսի 29-ին մերժել էր հայցը, իսկ Վճռաբեկ դատարանը` դատավոր Սլավա Սարգսյանի նախագահությամբ նույն տարվա սեպտեմբերի 26-ին ետ էր վերադարձրել վճռաբեկ բողոքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ