News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը մտնում է 2012թ. խորհրդարանական, իսկ 2013-ին` նախագահական ընտրությունների փուլ, չարժե ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Նրա կարծիքով, այդ շրջանում շոշափելի առաջընթաց չի գրանցվի նույնիսկ այն դեպքում, եթե նախաձեռնությունը բխի պաշտոնական Անկարայից:

Քաղաքագետի խոսքով, երբ կանխատեսումներ էին արվում, որ 2011թ. խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան հանդես կգա որոշ նախաձեռնություններով, իրավիճակը արաբական աշխարհում հանգիստ էր, եւ ոչ ոք չէր կարող ենթադրել նման հզոր գործընթաց, որ կշեղի Անկարայի ուշադրությունը: «Այդուհանդերձ, Թուրքիան հանդես եկավ ինչ-որ նախաձեռնությամբ, սակայն կան որոշակի գործոններ, որոնք չեն նպաստում հարաբերությունների կարգավորմանը տվյալ փուլում` խորհրդարանական ընտրությունները Հայաստանում: Բացի այդ, բավական ազդեցիկ գործոն են արաբական հեղափոխությունները, իրադարձությունները Սիրիայում, որտեղ Թուրքիան ուղիղ շահեր ունի: Անկարան «արաբական գարնանից» հետո խնդիրներ ունի արաբական աշխարհում, եւ դրանք ավելի կարեւոր են, քան հայ-թուրքական հարաբերությունները»,- նշել է Գրիգորյանը:

Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, բուն Հայկական հարցը կարեւոր են Թուրքիայի համար, բայց ոչ այնքան, որքան հարաբերությունների կարգավորումը Իրանի, Իսրայելի, Սիրիայի հետ, քրդական հարցի լուծումը, որոնք անվտանգության հարց են դարձել:

«Անգամ իրադարձությունների նման զարգացման դեպքում Թուրքիան Հայկական հարցի հետ կապված քայլեր է անում, որոնք կապված են ոչ այնքան Հայաստանի, որքան Թուրքիայում ապրող հայերի հետ: Այս կամ այն չափով թուրքերը լուծեցին եկեղեցիների հարցը, հայ համայնքի հարցերը, հնարավորություն տվեցին Հայաստանի քաղաքացիներին աշխատել Թուրքիայում, իսկ երեխաներին հաճախել դպրոցներ: Անկարան ազդակներ է փոխանցում, բայց Հայաստանը սպասում է բոլորովին այլ բանի` արձանագրությունների վավերացման»,- ասել է Գրիգորյանը` հավելելով, որ Թուրքիան ճիշտ կաներ` վավերացներ արձանագրությունները, որից հետո հարաբերությունները կզարգանային նոր ճանապարհով:

«Տվյալ իրավիճակում Հայաստանի դիրքորոշումը պետք է մնա անփոփոխ. Երեւանը պետք է մնա առանց նախապայմանների վավերացման կողմնակիցը: Եթե մոտ ապագայում արձանագրությունները չվավերացվեն, բարդ է կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը», ամփոփել է Ստեփան Գրիգորյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ