News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գյումրիում անօթեւան կինը ցրտահարվել է, հատել են նրա ոտնաթաթերը, իսկ որդիներին` որդեգրել: Անահիտ Վարդանյանը հիմա միայնակ է ապրում, քաղաքի ծայրամասում, Ախուրյան գետի ափին տեղադրված փոքրիկ կացարանում, որն իրեն չի պատկանում: Նա ապրում է տնակում արդեն 6 տարի, որը գտնվում է քաղաքային աղբանոցի անմիջական հարեւանությամբ` քաղաքից ու մարդկությունից կտրված վայրում:

NEWS am-ի  թղթակցի հետ զրույցում Անահիտը պատմել է, որ Գյումրիի բնակիչ Պարույրն է իրեն տարիներ առաջ տրամադրել փոքրիկ կացարանը, ուր բնակվում է, քանի որ դրսում իրեն տեսել է ցրտահարված վիճակում: Հետո շտապ տեղափոխել են հիվանդանոց, հատել ոտնաթաթերը: Անահիտն այդ ժամանակ է որոշել իր 4 երեխաներին հանձնել Գյումրիի մանկատներ, բժիշկները նրան մի քանի ամսվա կյանք են տվել: «Բայց որոշ ժամանակ անց առողջացա ու տեղ չունեի գնալու, քանի որ Գյումրիում գտնվող իմ տնակը վաճառել էի 4 երեխաներիս ուտելիք ու ապրուստ գնելու համար: Հիմա առողջական  խնդիրներս նորից գլուխ են բարձրացել, ու վախենում եմ, որ այս պայմաններում ապրելն շուտով անհնարին կլինի»,-ասել է Անահիտ Վարդանյանը:

Նա գրեթե ոչինչ չունի. կացարանում վառարան է տեղադրել, ու վիրահատված ոտքերով հազիվ հարակից տարածքներից ցախ ու ճյուղ է բերում տնակը ջեռուցելու համար, իսկ երեկոներն անցկացնում է մոմի լույսի տակ, քանի որ կացարանում էլեկտրաէներգիա չկա:

«Ապրուստն չունեմ, հագուստ չունեմ, իսկ ամսական թոշակով միայն դեղեր եմ կարողանում գնել: Շատ կառույցների եմ դիմել օգնության խնդրանքով, Գյումրիում ինձ նույնիսկ թափառաշրջիկի կարգավիճակ չեն տալիս»,-դժգոհել է Անահիտը:

Նա նշել է, որ գրանցում ունի Ախուրյանում, անօթեւան է ու բնակարանի է սպասում, սակայն  հարցն այն է, թե մինչ տուն ստանալը որտեղ ու ինչ պայմաններում է ապրելու,  տնակատերը այս կացարանն այլ նպատակով է օգտագործելու եւ ինքն ուղղակի դրսում կհայտնվի:

Նշենք, որ Անահիտի երկու աղջիկներն արդեն ամուսնացել են, նրանց հարս են տարել Գյումրիի թիվ երկու գիշերօթիկ դպրոցից, իսկ որդուն՝ Հարությունին որդեգրել են մի քանի տարի առաջ: Նրա մյուս որդին էլ, որ առողջական խնդիրների պատճառով  Գյումրիի մանկատուն էր հանձնվել, նույնպես որդեգրվել է ու արդեն ծնողներ ունի: Իսկ նրանց բազմազավակ մայրը միայնակ է ու օգնության  կարիք ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ