News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը Ամանորի կապակցությամբ նախաձեռնել է հարցազրույցների շարք մեր նախարարների հետ, որի շրջանակներում էլ ներկայացնում ենք մեր հարցազրույցը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ (հարցազրույցը տեղի է ունեցել Ամանորից առաջ):

Ինչպե՞ս եք որոշել այս տարի անցկացնել Ամանորը, որտե՞ղ, ո՞ւմ հետ, քանի՞ օր եք նշում:

Ճիշտն ասած` դեռ դրան չեմ հասել, բայց կարծում եմ` կլինեմ Երեւանում` տանը: Ավանադաբար ես գերադասում եմ Ամանորն անցկացնել տանը, իսկ հունվարի 2-ից հետո մի քանի օրով հնարավոր է գնանք Հայաստանում որեւէ տեղ` հանգստանալու: Իսկ  Ամանորը տոնում ենք մինչեւ հունվարի 13-ը` բնականաբար օրեցօր դինամիկան իջնում է, իսկ 13-ին արդեն վերջին ակորդն է խփում:

Որքանո՞վ եք մասնակցում ամանորյա նախապատրաստություններին: Որոշե՞լ եք, թե ինչ եք նվիրելու ձեր երեխաներին, կնոջը, մտերիմներին: Ի՞նչ կցանկանիք, որ ձեզ նվիրեին:

 Ամանորին սովորաբար մի քանի անգամ են գնում գնումների` բոլոր անհրաժեշտ բաները գնելու համար, փորձում եմ գոնե մի անգամ գնալ: Երեւի թերություն է, բայց ես չեմ սիրում ոչ նվեր տալ, ոչ ստանալ: Նվերներ ման գալ, գտնելը ժամանակ է պահանջում, որը ես չունեմ, այդ ֆունկցիան կինս է կատարում, իսկ ես վերջում միանում եմ: Ես շատ բծախնդիր եմ, եթե ինչ-որ բան ինձ պետք է, սիրում եմ ինքս ընտրել: Սովորաբար, ոչ մի նվերը ինձ դուր չի գալիս: Սիրում եմ «հոգեւոր» նվեր` վերաբերմունքի առումով: Ամենալավ նվերն այն է, երբ երեխաներ են ծնվում: Վերջին տարիներին ամանորյա լավագույն նվերը  2004թ դեկտեմբերի 20-ին տղայիս ծնունդն էր:

Կա՞ն ինչ-որ կերակուրներ, որոնք անձամբ եք պատրաստում: Ամանորյա սեղանից ի՞նչն եք սիրում: Ի՞նչ եք խմում եւ ինչքա՞ն:

Չէ, այդ գործում չկամ: Քանի որ ապրել եմ Մոսկվայում, մինիմալ բաներ գիտեմ, ձվածեղ կամ բուտերբրոդ կարող եմ պատրաստել, բայց սեր չունեմ: Եթե շատ պետք լինի, կարող եմ ինքս ինձ ապահովել, բայց ոչ ուրիշներին: Իսկ ամանորյա նախապատրաստություններին կարող եմ օգնել մեխ խփելով, լամպ կախելով, տոնածառ դնելով, սեղանը բացել-փակել, աթոռները տանել: Սեղանի առանձնապես սիրահար չեմ, կարծում եմ, որ օրական սեղանի շուրջը կարելի է անցկացնել մեկ ժամ, լիքը ուրիշ հետաքրքիր բաներ կան կյանքում, քան նստել սեղանի շուրջը, ուտել, խմել: Կարելի է երգել, նվագել, զբոսնել, ամեն ինչը չափի մեջ է լավ: Պետք է խմել մեկ տիպի խմիչք եւ չափի մեջ, գերադասում եմ խմել օղի կամ վիսկի, մոտ 2-3 բաժակը նորմալ է եւ բավարար: Մեր մոտ, ցավոք, այդ մշակույթը չկա, ստիպում են, որ ուտես, խմես, մինչդեռ դա անհատական է եւ պետք է մարդու կամքով լինի:

Մասնակցո՞ւմ եք տոնածառը դնելու արարողությանը, օրինակ` երեխաների հետ երգելով եւ պարելով կախում եք ամեն մի խաղալիքը:

Ես այդ դաշտում այդքան էլ չկամ, կինս լավ մասնագետ է: Տոնածառը դնում եմ, բայց խաղալիքները ես չեմ կախում:

Ինչպե՞ս եք դիմավորում դեկտեմբերի 31-ին ժամը 00.00-ն: Պարո՞ւմ եք, ի՞նչ կենացներ եք խմում:

Ինչպես բոլորը, ինչ էլ անես, միշտ վերջին 5 րոպեն մի բան մնում է անելու, բայց որպես կանոն` բոլորը հասցնում են ամեն ինչ արագ-արագ անել: Իսկ 00.00-ին լսում ենք նախագահի խոսքը, ես մինչ այդ բացում եմ շամպայնը: Դա իմ վրա է, շամպայնը բացել, պրոբկաները հանել, դա  էլ հեշտ գործ չէ, իր տեխնիկան ունի, նախապես անում եմ, որ այնպես չլինի հանկարծ 00.00-ին չբացվի: Հենց 00.00-ն խփում է, իրար շնորհավորում ենք: Կենացների մեծ սիրահար էլ չեմ, մի քիչ ավելի երիտասարդավարի ենք անում, շատ չենք ծանրացնում: Մի հատ ավանդույթ կա, 00. 05 րոպեին դռան զանգն է հնչում, Ձմեռ պապին է գալիս մեր տուն: Փոքր ժամանակ ինձ էր բերում, հիմա էլ երեխեքիս  նվեր բերում: Նրանք վազում են դուռը բացում են, տեսնում են նվերները դրած է, բայց Ձմեռ պապը չկա, 5 րոպեում գալիս է դնում եւ անհետանում: Այդ տեխնիկան գաղտնիք է: (Տիգրան Դավթյանը բացեց գաղտնիքը, բայց մենք այն չենք հրապարակում, որպեսզի բոլոր երեխաները շարունակեն հավատալ Ձմեռ պապի գոյությանը- NEWS.am): Ամանորի գիշեր մեկ-մեկ գնում ենք ընկերների, ծնողների մոտ, կամ էլ իրենք են գալիս, հետո հոգնած, մեռած քնում ենք: Պարելու տրադիցիա այդպես չունենք, եթե առիթ է լինում, մեկ-մեկ կարելի է:

Փոքր ժամանակ հավատո՞ւմ էիք Ձմեռ Պապին: Եթե  Ձմեռ պապը այցելի Ձեզ եւ ասի` երեք երազանք ասեք, կիրականացնեմ, ի՞նչ կխնդրեք նրանից:

Հավատում էի, բայց ոչ անվերապահ, ինչ-որ կասկածներ կային: Ինձ թվում է, որ երբեք չեմ հավատացել, որ Ձմեռ պապիկը աբստրակտ է; Բայց որ կան Ձմեռ պապիկներ եւ ինչ-որ գործողություններ են անում, դա այդպես է: Ձմեռ պապից կխնդրեի ազատ ժամանակ, որ անցկացնեմ մտերիմներից հետ, դա որ լիներ, մնացածը ինքս կլուծեի: 2012թ մեծ երեխաս` աղջիկս, պետք է բուհ ընդունվի, որոշել է տնտեսագետ դառնալ, երեւի համալսարան կդիմի, ցանկանում եմ, որ հաջող տարի լինի: Ակնկալում եմ խաղաղություն, կայունություն, գլոբալ ճգնաժամ չլինի, իսկ մնացած հարցերը կապահովենք:

Պաշտոնյաններից ո՞ւմ տներն եք այցելում, ձեր տուն այցելո՞ւմ են:

Մեզ մոտ այդպիսի ավանդույթ չկա, ու ես շատ գոհ եմ, որ մենք դուրս եկանք այդ ավանդույթից: Արդեն 4-րդ կոլեկտիվն եմ ղեկավարում, ու ասել եմ, որ մեր տուն էլ չգան: Այդ մարդիկ պիտի թողնեն իրենց ընտանիքները, գան «նաչալնիկին» շնորհավորեն, ինչ-որ սովետականություն է գալիս դրանից, բանբանեռկա, կոնյակ...: Ես մանկուց շատ տուժել եմ դրանից, որովհետեւ մեր տուն հայրիկիս շատ էին գալիս, ես էլ շվեցարի ֆունկցիա էի կատարում, այս վերարկուները կախի, հագցրու, տար, բեր, տանջամահ էի լինում: Լավ է, որ այդ ավանդույթը կամաց-կամաց դուրս է գալիս, մենք մի քիչ ավելի ժամանակակից ենք դառնում, դուրս ենք գալիս սովետականությունից:

Ինչ-որ չգրված օրենքներ կան ձեր ընտանիքում` կապված Ամանորի հետ: 2012թ վիշապի տարի է, հավատո՞ւմ եք աստղագուշակներին:

Մի քիչ` այո, տարով ցուլ եմ, ամսով` երկվորյակ, դրանք ինձ լավ բնութագրում են:

Ես նոր տարուց միշտ մի 5 րոպե առաջ ժամանակ եմ գտնում, առանձնանում եմ, տարին ինքս ինձ համար ամփոփում եմ, թե այս տարվա ընթացքում ինչ եղավ, հաջող էր, թե ոչ եւ ինձ համար հետեւություն եմ անում: Մի ցանկություն մտքիս մեջ պահում եմ նաեւ հաջորդ տարվա համար: 2011թ լավ տարի էր` ամեն տեսակետից: Դժվար տարի էր, անցյալ տարի այս ժամանակ ես տեղափոխվեցի Էկոնոմիկայի նախարարություն, այս տարի ինձ համար լավ տարի էր` եւ աշխատանքային, եւ անձնական առումով, գոհ եմ, վերջին 4-5 տարիներից ամենալավ տարիներից մեկն էր:

 

Զրուցեց`  Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ