News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Արմենիա» բժշկական կենտրոնում, դեկտեմբերի 18-ին մահացած զինծառայողը` Մհեր Հակոբյանը, դեկտեմբերի 11-ից մինչեւ 2012թ հունվարի 30-ը գործուղման է եղել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում` մարզական հավաքի մասնակցելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, հավելելով, որ առաջնությունը պետք է տեղի ունենար հունվարի 23-ին:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հայտնել էր, որ մահացած զինծառայողը` Մհեր Հակոբյանը դեկտեմբերի 11-ից մինչեւ 2012թ հունվարի 30-ը գործուղման մեջ էր գտնվում Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայում: «Նա սպորտսմեն էր ու բռնցքամարտիկ»,-ասաց Դավիթ Կարապետյանը` հավելելով, որ նա դեկտեմբերի 15-ին առողջական խնդիրներով ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ զինվորի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:

Դերենիկ Գաբրիելյանը նշեց, որ մինչ այդ Մհեր Հակոբյանը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել: «Ես զրուցել եմ իր հոր հետ, իսկ մայրը մահացած է: Իր հայրն էլ է բռնցքամարտիկ եղել: Բժշկի հետ էլ եմ զրուցել: Բոլոր նկարները կան: Ինքը` բժիշկն ասում է, որ դա այն հիվանդությունն է, որն ամեն րոպե կարող էր ի հայտ գալ: Բռնցքամարտում  տարին 2 անգամ եւ ամեն մրցումից առաջ խորը բժշկական ուսումնասիրություն են անցկացնում: Հետեւաբար, եթե մինչեւ այդ բողոքներ լինեին, ապա ի հայտ կգային: Դա է պատճառը, որ պահի տակ ճնշումը բարձրացել է ու անոթը չի դիմացել»,-ասաց նա:

Հիշեցենք, որ Մհեր Հակոբյանը դեկտեմբերի 15-ին է առողջական խնդիրներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են անեւրիզմա (ուղեղի անոթի լայնացում) եւ 3 օր  նրա կյանքի համար պայքարելուց հետո  դեկտեմբերի 18-ին Մհեր Հակոբյանը մահացել է:

Նա Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավել է 5-րդ տեղը, ինչը հնարավորություն է տվել նրան ծառայել Բանակի կենտրոնական մարզական ակումբում (ԲԿՄԱ): Մհերը նաեւ  Հայաստանի կրտսեր պատանիների, պատանիների եւ երիտասարդների չեմպիոն է: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի խոսքով, Մհեր Հակոբյանը խոստումնալից մարզիկ էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ