News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

2011-ը բուռն աշխատանքային տարի էր եւ չի կարելի ժխտել, որ շատ աշխատանք է կատարվել ներքին ու արտաքին տարբեր ոլորտներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Օրինաց Երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, հավելելով, որ երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք դեռ լուծված չեն եւ լուծվում են:

«Մենք 2012 թվականն սկսում ենք շատ բուռն, մտնում ենք նախընտրական շրջան: Կարծում եմ, որ տարին պետք է լինի ավելի բովանդակալից` նախընտրական ծրագրերի, նոր առաջարկությունների առումով եւ վստահ եմ, որ հաջողության դեպքում, քաղաքական ուժերը կլծվեն իրենց խոստումների կատարմանը»,-ասաց Բիշարյանը:

Անդրադառնալով անցնող տարվա քաղաքական հնարավորություններին, նա նշեց, որ ընդդիմության համար որոշ առումով ձեռքբերում կարելի է համարել Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը: «Ընդդիմությունն ուներ նախադրյալներ գործուն քայլերի համար: Պետք է ասեմ, որ դրանք բարենպաստ ժամանակներ էին: Մենք էլ ընդդիմություն ենք եղել եւ մեզ համար ամեն բան այսքան լավ չէր, այսքան բարենպաստ պայմաններ չկային: 2011-ին, ովքեր այս կամ այն պատճառով դատապարտվել էին, ազատ արձակվեցին»:

Բիշարյանը նաեւ նշեց, որ կարեւոր նշանակություն է տալիս իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը, քանի որ շատ ավելի լավ է գնալ այդ ճանապարհով, քան անիմաստ դիմակայություն սկսել: «Այն, որ ընդդիմության պահանջը` հանրահավաք անել որտեղ ուզում են եւ երբ ուզում են, կատարվեց, դա իրենց ձեռքբերումն է»,-ընդգծեց նա:

Հարցին, թե նախադրյալներ կա՞ն, որ իշխանական կամ ընդդիմադիր ճամբարում փոփոխություններ կլինեն կամ նախընտրական միավորումներ կստեղծվեն, ՕԵԿ անդամը պատասխանեց, որ երբեմն ընտրություններից առաջ միավորումներն անխուսափելի են լինում եւ դա բնական է, բայց, խոշոր հաշվով, չի կարծում, որ այս անգամ դա տեղի կունենա: «Եթե վերցնենք կոալիցիոն ուժերին, ապա բոլորը լրջորեն պատրաստվում են ընտրությունների: Բոլոր ուժերը կարող են բավական լավ ձայներ ստանալ իրենց աշխատանքի շնորհիվ: Կարծում եմ, որ բոլորը առանձին կմասնակցեն ընտրություններին: Նույնը տեսնում եմ նաեւ ընդդիմադիր ճամբարում: Կարծում եմ, որ Հայաստանի բոլոր հիմնական քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններին առանձին կմասնակցեն»,-ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ