News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հարցազրույց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ:

Ինչպե՞ս կգնահատեիք անցած տարին Հայաստանի տնտեսութան համար:

Դրական: Կարծում եմ` Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցան լուրջ զարգացումներ: Ճգնաժամի հուժկու հարվածից հետո տնտեսությունը սկսեց վերականգնվել արդեն 2010 թվականից, երբ ունեցանք մի փոքր աճ: 2011 թ. այդ աճը փաստորեն կրկնապատկվեց: Շատ կարեւոր է, որ այդ վերականգնումը տեղի է ունենում իրական հատվածի զարգացման հաշվին, հատկապես` արդյունաբերության: Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, արտահանումը 2011 թ. շոգեքարշի դեր խաղացին: Միակ ոլորտը, որտեղ ունենք լուրջ անկում` շինարարությունն է: Դա բնական է, եւ ես նույնիսկ դա շատ բացասաբար չէի գնահատի, ընդհակառակը` դա նպաստեց տնտեսության հավասարակշռված կառուցվածքի ձեւավորմանը: Օրինակ` տարվա սկզբին արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում 11-12 % էր, իսկ հիմա մոտենում ենք 20 %-ին: Հայաստանը դառնում է արդյունաբերական երկիր, որտեղ իրական հատվածը մեծ դերակատարում ունի: Այդ պատճառով, ոչ միայն 5 % տնտեսական աճի ակնկալիքն ենք կարեւորում, այլեւ տեղի ունեցող տրամաբանական կառուցվածքային փոփոխությունները: Նշեմ նաեւ արդյունաբերության երկնիշ աճը, արտահանման 25 % աճը, ներդրումների 20 % աճը:

2011 թ. մոտ մեկ տասնյակ ձեռնարկություններում ունեցանք լուրջ ներդրումներ, տասնյակից ավելի նոր ձեռնարկություններ գործարկվեցին (ցույց է տալիս այն կարմիր ժապավենները, որ կտրել է,-Ս.Ա.): Հիշեցնեմ մի քանիսի մասին` «Արփիմեդ», «Լիկվոր» դեղագործական գործարանները, «Արարատ սննդի կոմբինատ» եւ «Պեպսի Կոլա» գործարանները սննդի արդյունաբերությունում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բացեցինք 3 կենտրոն` «Մայքրոսոֆթ» իննովացիոն կենտրոնը, հայ-հնդկական կենտրոնը եւ «Թումոն», որոնք եւ արտադրական, եւ կրթական կենտրոններ են: Հանքարդյունաբերությունում գործարկվեց Սագամարի կոմբինատը եւ այլն: Բոլոր այս ձեռնարկությունները համապատասխանում են լավագույն միջազգային չափանիշներին:

Նշեմ նաեւ, որ ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի ներքո 21 ներդրումային ծրագիր ենք հաստատել, որի արդյունքում 84 մլրդ դրամի ներդրումներ ենք գրավել: Միայն այս գործիքի կիրառման արդյունքում ունեցանք 2.5 հազ. նոր աշխատատեղ:

Օրենսդրական դաշտում մի քանի լուրջ փաստաթուղթ ներկայացվեց ՀՀ Ազգային Ժողովին: Առաջին հերթին` դա «Ազատ տնտեսական գոտիների մասին» մայր օրենքն էր, ինչպես նաեւ` «Ստուգումների մասին» օրենքում կատարված սկզբունքային փոփոխությունները: Նշեմ նաեւ ստանդարտացման համակարգի 4 ֆունդամենտալ օրենքների ընդունումը, տասնյակ այլ նախագծեր: Ընդհանուր առմամբ` օրենսդրական դաշտը համապատասխանեցրինք միջազգային չափանիշներին, այդ թվում` մի քանի առեւտրային ռեժիմների մասով:

Արտահանմանն ուղղված նոր արդյունաբերական ռազմավարությունը տնտեսական քաղաքականության շրջադա՞րձ է, ինչպես համարում են շատերը:

Ոչ, ես դա շրջադարձային չէի համարի: Այն համահունչ է 2011 թ. իրականացվող քաղաքականությանը, սակայն պարունակում է նոր շեշտադրում, այսինքն` ավելի կարեւորում ենք այս ուղղությունը, ֆիքսում ենք որպես առաջնահերթություն: Այդ գործողությունները միշտ արել ենք, հիմա 2 ուղղություն առանձնացնում ենք` արդյունաբերություն եւ արտահանում: Կարեւորում ենք այն արդյունաբերությունը, որն ունի արտահանման ուղղվածություն: Նախորդ մոտեցումներից այս ռազմավարությունը տարբերվում է նրանով, որ ոչ թե ինքը պետք է ազդի տնտեսական զարգացումների վրա, այլ տնտեսական զարգացումները պետք է արտացոլվեն ռազմավարությունում: Սա մի փաստաթուղթ է, որը ոչ թե իր կյանքով է ապրում, այլ անմիջականորեն փոխկապված է մեր գործողությունների հետ, որտեղ արտացոլված են այն գործողությունները, որ արդեն անում ենք: Չենք սպասել, որ այս փաստաթուղթը հաստատվի, մտնի ուժի մեջ եւ հետո սկսենք իրականացնել:

Փաստաթուղթն ունի նաեւ երկրորդ հատվածը, որն ավելի տեխնիկական բնույթի է, ու որտեղ նկարագրված են կոնկրետ ոլորտային ծրագրերը: Այդ կոնկրետ ծրագրերը կառավարությունը չի հաստատում, քանի որ ոլորտային ծրագիրը ճկուն պետք է լինի, եւ ընթացքում պետք է փոփոխվի, ճշգրտվի ու լրացվի:

Այս տարին լինելու է ընտրական: Ըստ ձեզ` դա ազդեցություն թողնո՞ւմ է կառավարության քայլերի ու ծրագրերի վրա:

Իհարկե` չի կարող ընտրական տարին ազդեցություն չթողնել գործընթացների, շեշտադրումների, գործողությունների վրա: Ցանկացած երկրում ցանկացած կառավարություն զգում է այդ ազդեցությունը: Բայց մեր քաղաքականությունը մնալու է նույնը, մեր քայլերը նույնքան հստակ են լինելու, ինչպես որ նախորդ տարիներին: Իհարկե` ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք սոցիալական խնդիրների լուծմանը, բայց չեմ կարծում, որ ընտրական գործընթացը բացասական կամ խանգարող ազդեցություն կունենա: Եթե հիշենք նախորդ ընտրությունների տարիները, ապա տնտեսության զարգացման վրա էական ազդեցություն չի նկատվել: 

Որքանո՞վ եք արդարացված համարում «Մուդիսի» վերջին գնահատականը:

«Մուդիսը» բավական հեղինակավոր կազմակերպություն է, եւ այս գնահատականի մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Վարկանիշի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է դրսի ռիսկերով, իսկ Հայաստանը հանդիսանում է համաշխարհային տնտեսության ինչ-որ մի հատված, կապակցված է եւ Ռուսաստանի շուկայի հետ, եւ Եվրամիության շուկայի հետ, ինչ-որ չափով` նաեւ ԱՄն-ի հետ: Ռիսկերն ու բացասական սպասումներն այդ տարածաշրջանում կարող են բացասաբար անդրադառնալ մեր տնտեսական զարգացման վրա, եւ այդ առումով այդ փոքր ճշգրտումը (նվազեցումը) էական համարել չի կարելի: Նվազեցվում են շատ երկրների վարկանիշեր, այդ թվում` Միացյալ Նահանգներինը: Իսկ մեր զարգացումներն ընթանում են դրական հունով, եւ այս տարի ունենալու ենք ավելի լավ մակրոտնտեսական իրավիճակ: Օրինակ` պետական բյուջեի դեֆիցիտը իջնելու է մինչեւ ՀՆԱ-ի 3.1 % մակարդակին, թեեւ ճգնաժամի ընթացքում 7.5 % էր: Բոլոր դեպքերում` «Մուդիսի» գնահատականները մասնագիտական են, եւ թերագնահատել չի կարելի:

 

Զրուցեց` Սամվել Ավագյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ