News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները Պլուտոնի մակերեւույթին կյանքի նշաններ են հայտնաբերել, այն է` օրգանական ծագման մոլեկուլներ, որոնք կյանքի համար անհրաժեշտ բաղադրիչներ են:

ՆԱՍԱ-ի «Հաբբլ»  տիեզերական հեռադիտակի օգնությամբ գիտնականները գաճաճ մոլորակում Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների կլանման  բարձր աստիճանով առանձնացող գոտիներ են հայտնաբերել: Այդ յուրահատկությունը ցույց է տալիս օրգանական նյութերի առկայությունը, ամենայն հավանականությամբ` բարդ կառուցվածքով մոլեկուլների, որոնց բաղադրության մեջ  ածխաջրածին կամ ազոտ է պարունակվում:

Կոլորադո նահանգի Հարավ-արեւմտյան հետազոտական ինստիտուտի տնօրեն Ալան Սթեռնը հիշեցրել է, որ գաճաճ մոլորակի վրա սառած վիճակում մեթան եւ ածխածնի օքսիդ էր հայտնաբերվել:  Նրանց փոխազդեցությունը տիեզերական ճառագայթման հետ էլ հանգեցնում է ուլտրամանուշակագույն ճառագայթներ կլանող նյութերի առաջացմանը, կարծում են գիտնականները:

Հետազոտողները նոր տվյալները համեմատել են 1990-ականներին արված լուսանկարների  հետ  եւ Պլուտոնի վրա մեծ փոփոխություններ արձանագրել:  Սթեռնը եւ իր գործընկերները այդ փոփոխությունները պայմանավորում են «մթնոլորտային ճնշման կտրուկ ավելացմամբ»:

Ամերիկացի գիտնականներն ակնկալում են Պլուտոնի մասին նոր տեղեկություններ ստանալ, երբ նրան կհասնի ՆԱՍԱ-ի «New Horizons» միջմոլորակային  զոնդը: Այն 2006թ. հունվարին ուղեւորվել է 6,4 մլրդ կմ տարածությամբ արշավի: Հաջողության դեպքում այն մոլորակին կհասնի 2015թ. հուլիսի 14-ին, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ