News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը Ամանորի կապակցությամբ նախաձեռնել է հարցազրույցների շարք մեր նախարարների հետ, որի շրջանակներում էլ ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Ինչպե՞ս եք անցկացնում Ամանորը, որտե՞ղ, ո՞ւմ հետ:

Ինչպես միշտ Ամանորի նախօրեին հանրապետության նախագահի հետ նախ եւ առաջ այցելում ենք պետության սահմանները պաշտպանող զինվորներին ու շնորհավորում նրանց: Այնուհետեւ Նոր տարին դիմավորում եմ ընտանիքիս ու հարազատներիս հետ: Այս տարի եւս Հայաստանում ընտանեկան մթնոլորտում եմ դիմավորելու Ամանորը:

Որքանո՞վ եք մասնակցում ամանորյա նախապատրաստություններին: Ի՞նչ եք նվիրել ձեր երեխաներին, կնոջը, մտերիմներին:

Ամանորյա տոնակատարության կազմակերպչական մասը հիմնականում կինս է հոգում: Ես փորձում եմ թեթեւացնել տիկնոջս հոգսը, ինչը ինձ համար հաճելի պարտավորություն է: Իսկ նվերները անակնկալ են:

Հիշո՞ւմ եք, թե որն էր Ձեր կյանքի ամենաերջանիկ եւ ամենատխուր Ամանորը:

Կարծում եմ, ճիշտ է ասված, ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի: Միշտ փորձում եմ ուրախ դիմավորել Ամանորը:

Ձեր ընտանիքում Ամանորը կազմակերպելու եւ անցկացնելու ձեւավորված ավանդույթներ կա՞ն, կպատմե՞ք դրանց մասին:

Ձեւավորված ավանդույթ է, որ Ամանորը սկսում եմ տոնել մարտական հերթապահություն իրականացնող զինվորի հետ, այնուհետեւ տոնն անցկացնում եմ ընտանիքիս հետ, ապա այցելում եմ ծնողներիս ու իմ գերդաստանի մեծերին:

Երազանք պահո՞ւմ եք Ամանորի գիշերը, հավատո՞ւմ եք Ձմեռ պապի գոյությանը: Կնշե՞ք այն երեք երազանքները, որոնք կցանկանայիք, որ իրականանային:

Ինչպես յուրաքանչյուր մարդ ես եւս ունեմ երազանքներ: Մանուկ հասակում հավատում էի Ձմեռ պապի գոյությանը: Ինչ վերաբերում է երեք նվիրական երազանքներին, կարող եմ նշել հետեւյալները` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորում, կայուն խաղաղություն, բարեկեցիկ կյանք հասարակության բոլոր անդամների համար:

Եթե դիմակահանդես կազմակերպվի, ի՞նչ կերպարով կներկայանաք:

Շատ անսպասելի հարց էր: Իմ գիտակցական կյանքում դիմակ կրելու փորձ չեմ ունեցել: Հավանաբար ժողովուրդն էլ ինձ չի ընկալում այդպես: Վագրի տարում եմ ծնվել, այդ տոնախմբության ժամանակ թերեւս վագրի դիմակ կրեի:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ