News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի եւ Ռուսաստանի քաղաքական կուսակցությունների համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 29-ին Պետական Դումայում տեղի է ունեցել գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանի հանդիպումը Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիի հետ:

Յուրի Նավոյանը շնորհավորել է Դումայի ընտրություններում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության տեղերի ավելացման, ինչպես նաեւ Ժիրինովսկու՝ ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ: Ընդգծվել է, որ հարգանքի եւ բարձր գնահատականի է արժանի Ժիրինովսկու մոտեցումը հայության համար կենսական նշանակության հարցերում, մասնավորապես հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման եւ արդար փոխհատուցման խնդրում:

Նավոյանը վստահություն է հայտնել, որ չնայած որոշակի դժվարություններին, Ռուսաստանի քաղաքական համակարգին կհաջողվի մարտի 4-ին հաջողությամբ անցկացնել նախագահական ընտրությունները եւ ապահովել Ռուսաստանի հետագա կայուն զարգացումը: Նա ընդգծել է, որ հայերը հանդիսանում են ռուսաստանյան հասարակության անքակտելի մասը, ուշադրությամբ հետեւում են կուսակցությունների ծրագրերին, քաղաքական բանավեճերին եւ ակտիվորեն մասնակցում են Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքին:

Յուրի Նավոյանը նաեւ ներկայացրել է տարածաշրջանային այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջեւ, ուշադրություն է հրավիրել Արցախում պետական շինարարության հաջողության վրա, նշելով, որ պետականության կայացածության աստիճանով ԼՂՀ-ն արժանի է միջազգային ճանաչման եւ դրա համար ունի իրավա-քաղաքական անհրաժեշտ հիմքերը:

Համաձայնելով ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտության տեսակետի հետ, Ժիրինովսկին նշել է, որ դրան ժամանակավորապես խանգարում են միայն միջազգային ներկա շահերը: Ռուսաստանյան փորձառու քաղաքական գործիչը տեսակետ է հայտնել, որ հայերը իրենց իրավունքների համար արդար պայքար են մղում, ինքը արդարության կողմնակից է, իսկ այն հայերի կողմն է:

Ըստ Ժիրինովսկու, Ռուսաստանը, Եվրոպան եւ ԱՄՆ-ը աստիճանաբար ճանչում են հայերի իրավունքները իրենց պատմական հայրենիքի նկատմամբ եւ Թուրքիան պետք է հաշվի նստի դրա հետ:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Ժիրինովսկին ընդգծել է Հայաստանի անվտանգության հարցում Ռուսաստանի նշանակությունը, հատուկ ուշադրություն է դարձրել միջազգային հարաբերություններում Ռուսաստանի հետագա դիրքերի ամրապնդմանը: Ժիրինովսկին գնահատել է Ռուսաստանի զարգացման գործում հայերի դերակատարությունը, կարեւորելով նաեւ Ռուսաստանի ընտրություններում հայերի ակտիվ դիրքորոշման նշանակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի եւ Պետդումայի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության հետագա համագործակցության հարցեր: Նախնական համաձայնություն է ձեռք բերվել ապրիլ ամսին Հայաստան Ժիրինովսկու այցի կազմակերպման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ