News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անօդաչու թռչող սարքերի Հայաստանի բաց առաջնությունը շատ լավ առիթ է, որ ադրբեջանցիները մրցույթի պայմաններին համապատասխան կառուցեն իրենց թռչող սարքը եւ մասնակցության հայտ ներկայացնեն: Այդ մասին NEWS.am-ին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը` մեկնաբանելով ադրբեջանցի ռազմական փորձագետ Ջասուր Սուրեմենլիի այն հայտարարությունը,  թե Հայաստանը չի կարող անօդաչու թռչող ինքնաթիռներ ստեղծել` համապատասխան կադրերի բացակայության պատճառով:

Ըստ Կ. Վարդանյանի` նման հայտարարություններ անելուց առաջ  պետք է պրոֆեսիոնալ լուրջ գնահատական հնչեցնել: «Դա նույնն է, ինչ ես Երեւանում նստած ասեմ, որ Ադրբեջանում նավթ չկա: Այդ փորձագետի հայտարարությունը ես ավելի շատ դիտարկում եմ որպես ներքին պրոպագանդա: Իրենք իրենց ժողովրդին այնքան են ասել, որ շատ հզոր են, որ Հայաստանում անօդաչու սարքերի մրցույթի մասին տեղեկատվությունը ստիպում է մեկ անգամ եւս կրկնել դա»,-ասաց Կ. Վարդանյանը: Նրա կարծիքով` սա շատ լավ առիթ է, որ հայերն ու ադրբեջանցիները ոչ թե բառերով մրցեն, այլ գործնականում: «Մենք գիտենք, որ ադրբեջանցիները անօդաչու ինքնաթիռների ոլորտում համագործակցում են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ, այդ տեղեկատվությունը մենք էլ ունեինք: Կարծում եմ` Ադրբեջանում նման մասնագետներ կան. մեր մոտ շատ կան, իրենց մոտ կան: Բայց միայն իրական թռիչքի պայմաններում թող ապացուցեն իրենց ասածը: Դա շատ ավելի ազնիվ ու ռեալ կլինի»,- նշեց Կ. Վարդանյանը;

Նրա տեղեկացմամբ` հայտարարված մրցույթում արդեն գրանցվել են արտասահմանցի մասնակիցներ: Մասնավորապես` Իսպանիայից ու Բելառուսից: Հույս կա, որ մրցույթին կմասնացի նաեւ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի երիտասարդների թիմը: Կ. Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ 6-7 հայկական թիմ կհասնեն եզրափակիչ, թեեւ գրանցվածներն ավելի շատ կլինեն: «Կարող են գալ բաց երեսով մեզ հետ մրցել»,- եզրափակեց Կ. Վարդանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում 2012 թ., «Արմռոբոտիքսի» շրջանակներում, առաջին անգամ կանցկացվի անօդաչու թռչող սարքերի մրցույթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ