News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Եթե ցեղասպանությունը ոչնչացնում է մարմինը, ապա ժխտումը` ոչնչացնում է հիշողությունը, հետեւաբար Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական է լինելու Գեյսսոյի օրենքի շարունակման հարցում: Այդ մասին հունվարի 23-ին հայտարարել է սենատոր Լյուկ Կարվունին` սոցիալիստական խմբակցությունից, Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկմանը:

Կարվունիի խոսքով, պատմությունը միայն պատմաբաններին չի պատկանում, ինչպես քաղաքականությունը չի պատկանում քաղաքական գործիչներին: «Ժխտողները մասնակցում են կոլեկտիվ հիշողության ոչնչացմանը, հիշողությանը, թե ովքեր ենք մենք այսօր: Դա համայնքային հիշողություն չէ, քանի որ խոսքը գնում է ողջ մարդկության դեմ կատարված հանցագործությանը: Հիշենք մեր պարտականությունը` պաշտպանել մեր հայ հայրենակիցներին ատելության ոտնձգություններից: Ես հասկանում եմ, որ պետք է երկխոսություն լինի երկու երկրների միջեւ: Ցավում եմ, որ իշխող կուսակցության մեր գործընկերները չաջակցեցին մեզ եւ մենք այսքան ժամանակ կորցրինք: Այն, ինչ անում ենք այսօր, անում ենք նաեւ Թուրքիայի պատմության համար»,- ասել է Կարվունին` նկատելով, որ ձախերը միշտ հանդես են եկել օրենքի ընդունման օգտին:

Իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կոսւակցության ներկայացուցիչ Բրյունո Ժիլի խոսքով, երիտթուրքերի գործողությունները հանգեցրին այդ տարածքում հայերի երկու/երրորդի ոչնչացմանը, իսկ Ֆրանսիան  2001թ. արդեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք երկու ցեղասպանություն ենք ընդունել: Հոլոքոսթի ժխտման համար քրեական պատասխանատվություն կա, իսկ Հայոց ցեղասպանության ժխտման համար` ոչ: Դա խտրականություն է»,- ասել է սենատորը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Սենատը սկսել է Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը:

Ըստ օրակարգի, ընդհանուր քննարկմանը ելույթ են ունենալու առաջին հերթին Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլլյեն եւ Սահմանադրական օրենքների հանձնաժողովի զեկուցող Ժան Պիեռ-Սյուեռը: Նրանցից հետո ելույթ կունենան 13 սենատոր` Իզաբել Պասկեն, Ժակ Մեզարը, Ռոժե Կարուչին, Էստեր Բենբասսան, Էրվե Մարսելը, Ֆիլիպ Կալտենբախը, Լյուկ Կարվունին, Բրյունո Ժիլը, Ժան-Վենսան Պլասեն, Նատալի Գուլեն, Բեռնար Պիրան, Ժան-Ֆրանսուա Յումբերը եւ Ամբրուազ Դյուպոնը:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն է: Օրենքը խախտողներին սպառնում է 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում:  Նախնական գնահատականներով, օրինագիծը կընդունվի նաեւ Սենատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ