News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հունվարի 26-ին կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լիտվա, որտեղ նա մի շարք հանդիպումներ է ունեցել Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի, ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի եւ Սեյմի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի ու խորհրդարանի անդամների հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի եւ Էդվարդ Նալբանդյանի զրույցի ընթացքում նշվել է վերջին տարիների հարաբերությունների դինամիկ զարգացման, Վիլնյուսում ՀՀ դեսպանության հիմնադրման մասին:

Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի լայն շրջանակ, տնտեսական համագործակցության առավել զարգացման ուղիները, գործարարների միջեւ կապերի ստեղծման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Նախարար Նալբանդյանի հաջորդ հանդիպումը իր լիտվացի գործընկեր Աուդրոնիուս Աժուբալիսի հետ էր:

Նախարարները համաձայնեցրել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների ընթացիկ տարվա ժամանակացույցը: Նրանք մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Այդ առումով նախարար Աժուբալիսը վերահաստատել է Լիտվայի աջակցությունը Մինսկի խմբի եռանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը: Հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի եւ Լիտվայի կառավարությունների միջեւ մշակութային բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետայի եւ Լիտվայի Սեյմի պատգամավորների հետ:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Սեյմի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասը նշել է, որ հայ-լիտվական առնչությունները գալիս են դարերի խորքից եւ ստուգված են պատմության ընթացքում փոխադարձ բարեկամության դրսեւորումներով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական խորհրդարանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման ուղիները:

Ավարտելով այցելությունը Լիտվա՝ Էդվարդ Նալբանդյանը վերադարձավ Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ