News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Եթե Թուրքիան իսկապես անկեղծորեն ցանկանում է օգնել ղարաբաղյան գործընթացին, ապա պետք է ինչքան հնարավոր է հեռու մնա այդ գործընթացից: Այս մասին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Դիտարկմանը, թե Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Սենատի որոշումից հետո Ֆրանսիան այլեւս անաչառ երկիր չէ Մինսկի խմբում եւ առաջարկել, որ Թուրքիան էլ դառնա միջնորդ երկիրը, Հայաստանի ԱԳ նախարարն արձագանքեց. «Եթե Թուրքիան իսկապես անկեղծորեն ցանկանում է օգնել այս գործընթացին, ապա պետք է ինչքան հնարավոր է հեռու հեռու այս գործընթացից: Իհարկե թուրքական կողմը մեկ-մեկ, երբ փակում են իր առջեւ դուռը, փորձում է ծխնելույզից, երդիկից ներս մտնել: Դա առաջին անգամ չէ եւ ինչ-որ հատուկ զարմանք արդեն չի առաջացնում: Չեմ կարծում, որ Թուրքիան է որոշում այդ ձեւաչափերի հարցը եւ հատկապես վերջնագրեր ներկայացնելով այս կամ այն հարցում՝ որեւէ դրական արդյունքի կարող է հասնել:

Հիշեցնեմ նաեւ, որ հենց Սոչիում Ադրբեջանի նախագահը Հայաստանի նախագահի հետ միասին ասաց այն, ինչի մասին ես արդեն նշեցի՝ նախագահները հույս հայտնեցին, որ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները որպես եռանախագահողներ՝ նույն կարգավիճակով եւ ձեւաչափով, կշարունակեն իրենց միջնորդությունը մինչեւ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»:

Ինչ վերաբերում է Դավութօղլուի այն հայտարարությանը, թե Ֆրանսիայի նախագահ Սարկոզին Հայաստանում մնաց երկու օր, իսկ Ադրբեջանում ընդամենը 3 ժամ, Նալբանդյանն ասաց. «Կարծում եմ Ադրբեջան այցելության ժամերի մասին չէ  Դավութօղլուի մտահոգությունը, միգուցե նա ավելի մտահոգ է, որ Սարկոզին մի քանի ժամ է եղել Թուրքիայում»:

Անդրադառնալով Դավութօղլուի հայտարարությանը, թե Ֆրանսիան այս Սենատի որոշումից հետո այլեւս չեզոք չէ, ԱԳ նախարարն արձագանքեց. «Դրանք անիմաստ հայտարարություններ են: Սենատի կողմից հաստատված օրենքի նախագիծը ուղղված չէ ինչ-որ կոնկրետ երկրի դեմ: Հայտնի է, թե «Ում գլխին է գլխարկը վառվում»: Եվ այն չափազանցված արձագանքը, որը վիրավորանքներով է լի Ֆրանսիայի հանդեպ, այն երկրների հանդեպ, որոնք ընդունել են Ցեղասպանությունը, հայ ժողովրդի հանդեպ, որն այս Ցեղասպանության դժբախտությունը, ողբերգությունը իր ուսերին է տարել, հայկական սփյուռքի հանդեպ սադրիչ հայտարարությունները եւս մեկ անգամ վերահաստատում են Ֆրանսիայում ընդունված օրենքի կարեւորությունը եւ անհրաժեշտությունը: Եվ կարծում եմ, որ ժխտողականության դրսեւորումներով լի թուրքական այս քաղաքականությունը ինչքան սաստականա, այնքան բերելու է նրան, որ այս կարգի որոշումներ ընդունվեն նաեւ այլ երկրների կողմից: Երբ Թուրքիան ասում է, որ Հայոց ցեղասպանությունը միայն հայկական կողմի կարծիք է, ինչպե՞ս եք պատկերացնում, որ ասեն, թե Հոլոքոսթը միայն հրեաների կարծիք է: Հիշեցնեմ, որ սա կարծիքն է նաեւ տասից ավելի եվրոպական երկրների, որոնք ընդունել են հայոց Ցեղասպանությունը: Եվ քսանից ավելի աշխարհով մեկ երկրների, միջազգային կազմակերպությունների, որոնք ընդունել են Ցեղասպանությունը: Հիշեցնեմ նաեւ այն, որ անգամ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով քվեարկում են դեմ կամ դեմ են դուրս գալիս Հայոց Ցեղասպանության ճանաչմանը այս կամ այն երկրում, եթե ոչ բոլորը, ապա ջախջախիչ մեծամասնությունը հայտարարում են, որ այո, սա ցեղասպանություն է: Թուրքիան հակառակն է ասում եւ ինքն իրեն ծուղակի մեջ է քաշում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ