News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի գլխավոր խնդիրը մինչ օրս շարունակում է մնալ քաղաքի մի շարք թաղամասերի սողանքավտանգ վիճակը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: «Քաղաքի ամենամեծ խնդիրը դա մեր սողանքային հատվածներն են, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնական մասում եւ մեծ վտանգ են ներկայանում դեռեւս խորհրդային տարիներից, բայց նախագահի այցի ժամանակ խնդիրը ֆինանսավորվեց ու հավանաբար շուտով կսկսեն հակասողանքային ծրագրեր իրականացնել»,-ասաց նա:

Քաղաքապետի խոսքով, համայնքում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում զբոսաշրջության խթանման ու բնակչությանն աշխատատեղերով ապահովելու համար: Զբոսաշրջության զարգացման մեջ մեծ դեր ունի նաեւ մասնավոր սեկտորը, որի վկայությունն օր-օրի կառուցվող առողջարանա-հյուրանոցային համալիրներն են: «Դիլիջանում կառուցվող Կենտրոնական բանկի շենքի կառուցման վրա  միայն այս պահի դրությամբ աշխատում է շուրջ 400 մարդ: Նման մեծ ծավալի նոր  աշխատատեղերի բացման արդյունքում է, որ վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է քաղաքից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը»,- նշեց Սանթրոսյանը:

Անդրադառնալով 2011թ-ին կառավարության կողմից մարզերին հատկացված գումարներին, Դիլիջանի քաղաքապետն ասաց, որ, ընդհանուր առմամբ, Դիլիջան քաղաքին հատկացվել է մոտ 80 մլն դրամ. «Մենք ունեինք «Թախտա» անունը կրող թաղամաս, որտեղ կառավարության հատկացված գումարներով եւ քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ, դպրոցի նոր շենք կառուցվեց, քանի որ գործող դպրոցը բավականին հեռու էր: Իսկ երկրորդ հրատապ հատկացման շրջանակներում այդ դպրոցն ավելի ընդլայնվեց, մի շարք շենքերի տանիքներ վերանորոգվեցին այդ գումարների հաշվին»,- ընդգծեց քաղաքապետը:

Նշենք, որ բացի Դիլիջան քաղաքից, Տավուշի մարզի մի շարք համայնքների համար եւս սողանքները լուրջ վտանգ են ներկայացնում, ինչի ապացույցն էլ Այրում եւ Գետահովիտ համայնքներում  վերջերս ակտիվացած ու մեծ վնասներ տված փուզումներն են:



Լուսանկարներն` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ