News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անգլիան, ողջ աշխարհի հետ միասին նշում է 19-րդ դարի խոշորագույն անգլալեզու արձակագիր, հումանիստ, համաշխարհային գրականության դասական Չարլզ Դիքենսի ծննդյան 200-ամյակը:

Հիմնական տոնակատարությունները տեղի կունենան Անգլիայում, Փորթսմութում, որտեղ նա ծնվել է:

Google-ն իր հերթական տոնական doodle-ը նվիրել է մեծ անգլիացուն, որտեղ պատկերված են Դիքենսի ողջ աշխարհին հայտնի պերսոնաժները` Օլիվեր Թվիսթը, Դեւիդ Կոպերֆիլդը եւ այլն:

Չարլզ Դիքենսը ծնվել է 1812 թվականի փետրվարի 7-ին: Նրա հայրը բավական կարողությունների տեր պաշտոնյա էր: Չարլզի ունակությունները հիացնում էին ծնողներին եւ հայրը բառացիորեն ստիպում եր տղային տարբեր սցենարներ խաղալ, բանաստեղծություններ կարդալ: Դիքենսը վերածվել էր փոքրիկ դերասանի:

Սակայն հանկարծ Դիքենսների ընտանիքը փլուզվեց: Հայրը երկար տարիներ հայտնվեց բանտում, իսկ մայրը ստիպված էր պայքարել աղքատության դեմ: Տաղանդավոր, սակայն թույլ առողջություն ունեցող փոքրիկ Դիքենսը ստիպված էր աշխատել վաքսի արտադրության ֆաբրիկայում:

Հետագա ամբողջ կյանքում Դիքենսը ընտանիքի սնանկացումը եւ այդ աշխատանքն իր համար գերագույն վիրավորանք է համարել, անարդար եւ ստորացուցիչ հարված: Նա չի սիրել այդ մասին խոսել, բայց կարիքը Դիքենսի մեջ ջերմ սեր է արթնացրել բոլոր չքավորների եւ կարիքավորների հանդեպ, նրանց տառապանքները, նրանց զգացած դաժանությունն ըմբռնելու կարողություն: Նրա մեջ նաեւ խոր, մութ ատելություն է առաջացել հարուստների, գերիշխող դասի նկատմամբ:

Պատանին ամենասկզբում զբաղվել է լրագրությամբ: Նա ամբողջ էությամբ նվիրվել է թերթային աշխատանքին, եւ մանկության եւ պատանեկության ընթացքում հավաքված բոլոր զգացմունքներն ու տպավորությունները սկսել է թղթին հանձնել: Գրականությունը. Ահա թե ինչը նրա համար վերածվեց հասարակության վերին խավ բարձրանալու աստիճանի, որի նպատակը հանուն համայն մարդկության, հանուն իր երկրի եւ հանուն թշվառների բարօրության ծառայելն էր:

Դիկենսի բարոյախրատական առաջին ակնարկները հրատարակվել են 1836թ.: Բայց Դիքենսին գլխապտույտ հաջողություն էր սպասվում նրա «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» ստեղծագործության առաջին գլուխների հրապարակումից հետո: Երկու տարի անց լույս տեսան «Օլիվեր Թվիսթը» եւ «Նիկոլաս Նիքլբին»:

Ամերիկա կատարած ճանապարհորդությունից հետո Դիքենսը գրել է «Մարտին Չեզլվիթը»: Նույն այդ ժամանակ Դիքենսը դարձել է Daily News-ի գլխավոր խմբագիր:

1870թ. հունիսի 9-ին 58-ամյա Դիքենսը, ծանրաբեռնված հոգնեցուցիչ աշխատանքով եւ բազմաթիվ անախորժություններով, կաթվածից մահացել է Հեյդսհիլլում:

Դիքենսի փառքը շարունակել է աճել հետմահու: Նա վերածվել է անգլիական գրականության իսկական կուռքի: Նրա անունը դասվել է Շեքսպիրի անվան կողքին, Անգլիայում 1880-1890թթ. նրա հռչակը ստվերել է Բայրոնի փառքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ