News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի հայկական համայնքը նպատակահարմար չի համարում այս կամ այն ձեւով մեկնաբանել Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի հայտարարությունը, ինչպես նաեւ շվեցարական դատախազությունում նրա դեմ սկսված հետաքննության հարցը: Այդ մասին հայտարարել է Հայաստան-Շվեյցարիա ասոցիացիայի նախագահ Սարգիս Շահինյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Շվեյցարական դատախազությունը շատ լուրջ է վերաբերում այդ հարցին, քանի որ արդեն երկու անգամ վճիռ է կայացվել նրանց դեմ, ովքեր ժխտել են Հայոց ցեղասպանությունը»,-նշել է նա` շեշտելով, որ Բաղըշի արարքը սադրանք է, որը արտահայտում է Թուրքիայի պետական դիրքորոշումը:

Շահինյանի կարծիքով, Թուրքիան փորձում է ծաղրի առարկա դարձնել օրենսդրությունը, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանությունը, եւ Բաղըշի խոսքերը հենց այդ ենթատեքստում պետք է դիտարկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ։ Թուրք նախարարի դեմ դատական վարույթ էր սկսվել այն բանից հետո, երբ նա Դավոսի տնտեսական համաժողովից վերադառնալու ժամանակ Ցյուրիխում հայտարարել է, թե Հայոց ցեղասպանություն չի եղել։

Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվեյգը հաստատել է, որ թուրք նախարարի դեմ հետաքննություն է սկսվել՝ շեշտելով, որ այն ընթանում է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ կետի հիման վրա։ Դատախազը նշել է, թե իրենք թեման լուրջ են համարել եւ ուսումնասիրում են, թե արդյոք թուրք նախարարը հերքե՞լ է Հայոց ցեղասպանությունը, թե՝ ոչ։

Նշենք, որ Էգեմեն Բաղըշը Ցյուրիխում ասել էր, թե ինքը Ցեղասպանությունների ժխտումը քրեական հանցանք համարող երկրում էլ կարող է ասել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ «Ես այսօր Շվեյցարիայում հայտարարում եմ, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն: Թող գան ու ինձ ձերբակալեն։ Այդ օրենքները թղթի մի կտորից այն կողմ չեն անցնում»,-ասել էր Բաղըշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ