News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը փետրվարի 17-ից տեղափոխվել է փետրվարի 16-ին, 15.00-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքէջից:  Ավելի վաղ NEWS.am-ը թղթակցի հետ զրույցում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը տեղեկացրել էր, որ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 17-ին: Իսկ սույն գործով դատավոր է նշանակվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը անազատության մեջ է գտնվում մարտի 24-ից: Նա  մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես  Թամամյանին  եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝  «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ:

Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը: Թամամյանը ներկայումս գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում:

Իսկ ահա դատական դեպարտամենտից տեղեկանում ենք, որ Հովհաննես Թամամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ունենալով ոստիկանության գեներալ մայորի կոչում, մշտապես իրականցնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ  եւ որպես այդպիսին` հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով , պաշտոնական դիրքն օգտագործել է  ծառայության շահերին հակառակ եւ իր ծառայողական պարտականությունները չի կատարել: Որով մի դեպքում էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, մյուս դեպքում`  անձանց իրավունքներին ու պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ սույն գործով անցնող Արմեն Պետրոսյանին էլ  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ եւ որպես այդպիսին հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ չի կատարել ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ:

Իսկ Վահան Խանզադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում որպես ՀԿԳ ավագ քննիչ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին ու պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ