News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա պաշտպան Վալերի Ալեքսանյանն իրանական «Սանաթ Նավթ» առանցքային խաղացողներից է եւ միշտ հայտնվում է թիմի մեկնարկային կազմում: Իրանի առաջնության 25-րդ տուրից հետո «Սանաթ Նավթը» 30 միավորով մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է:

NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Վալերի Ալեքսանյանի հետ:

Վալերի, ի՞նչ նորություններ կան քո ֆուտբոլային կյանքում:

Առանձնապես լուրջ փոփոխություններ չկան: Մարզումները նորմալ են ընթանում, կենտրոնացել ենք առաջիկա հանդիպումների վրա:

Առաջարկներ չկա՞ն այլ ակումբներից:

Նոր տարուց առաջ առաջարկներ ստացա Սլովակիայից եւ Ղազախստանից, սակայն մերժեցի, քանի որ գործող պայմանագիր ունեմ «Սանաթ Նավթի» հետ:

Ո՞ր երկրի առաջնությունում կցանկանայիր փորձել ուժերդ:

Չեմ մտածում, թե որ երկրի առաջնությունում կցանկանայի հանդես գալ: Ինձ ավելի շատ խաղային պրակտիկա է հարկավոր, իսկ «Սանաթ Նավթում» ես միշտ խաղալու հնարավորություն եմ ստանում:

Փետրվարի 28-ին եւ 29-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Կանադայի եւ Սերբիայի հավաքականների հետ: Հրավեր ստացե՞լ ես հավաքականից, եւ ինչ կարող ես ասել մրցակիցների մասին:

Այո, հավաքականից հրավեր ստացել եմ, եւ մեծ անհամբերությամբ եմ սպասում առաջիկա հանդիպումներին: Կանադայի հավաքականին այնքան էլ ծանոթ չեմ, իսկ սերբերը շատ ուժեղ հավաքական ունեն, որը կարող է լուրջ դիմադրություն ցույց տալ ցանկացած մրցակցի: Ճիշտ է, հանդիպումներն ընկերական բնույթ են կրում, սակայն վստահ եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղադաշտում կներդնի իր բոլոր ուժերը՝ հետագայում հավաքականի ուշադրությունից դուրս չմնալու համար: Հայաստանի հավաքականի գլխավոր ուժը կոլեկտիվ աշխատանքն ու թիմային ոգին է:

Դու երկար տարիներ հանդես ես եկել Հայաստանի առաջնությունում, իսկ հիմա խաղում ես Իրանում: Մե՞ծ է տարբերությունն այս երկու առաջնությունների միջեւ:

Ի տարբերություն Հայաստանի, Իրանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես են գալիս 18 թիմեր, ինչի արդյունքում մրցակցությունն ավելի է մեծանում, իսկ խաղի որակը՝ բարձրանում: Բացի այդ, Իրանի առաջնության հանդիպումներն անցնում են լեփ-լեցուն տրիբունաներով, ինչը միայն դրական ազդեցություն է ունենում ֆուտբոլիստների վրա: Իրանում թիմերն ուժային ֆուտբոլ են խաղում, տեխնիկական որակներն այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն:

Ի՞նչ խնդիրներ են դրված «Սանաթ Նավթի» առջեւ:

Մրցաշրջանից առաջ թիմի առջեւ լուրջ խնդիրներ էին դրված, սակայն իրադարձություններն այլ կերպ զարգացան: Նախորդ մրցաշրջանում թիմը զբաղեցրել է 9-րդ տեղը, եւ փորձելու ենք գոնե կրկնել նախորդ տարվա արդյունքը:

Ազատ ժամանակդ ինչպես ես անցկացնում Իրանում:

Մարզումներից հետո անպայման հանգստանում եմ, եթե իհարկե որդիս թույլ է տալիս: Իրանում զվարճանքի կենտրոններ չկան եւ մենք հայերով փորձում ենք մեր առօրյան ավելի հետաքրքիր դարձնել: Երբեմն, ազատ ժամանակ Լեւոն Պաչաջյանի հետ համակարգչով ֆուտբոլ ենք խաղում:

Զրուցեց Դավիթ Եղիազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ